Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտման գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է հետևյալ առանցքային գործոնների վրա.
- Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո։
- Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը։
- Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով։
- Սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։
- Տեղի ունեցածի արդյունքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, այդ թվում՝ զրկվել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրավունքները պետական գրանցման են ենթարկվել Խորհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից:
- Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ: Այդ նույն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար արդարացիորեն տեղակայվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձյալ առկա են զինված մարդիկ: Այս ամենի արդյունքում առաջացած իրավիճակը հայաստանյան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կյանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը և լրջորեն վտանգել է մարդկանց անվտանգությունը.
- Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկվել են արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունեին կենսական նշանակություն, տարիներ շարունակ եղել են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբյուրը:
- Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը։
- 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:
Թաթոյանը շեշտում է, որ խոսքը ինչպես սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների անմիջական, այնպես էլ անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ողջ բնակչության իրավունքների խախտումների կամ դրանց լրջագույն վտանգման մասին է:
«Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար: Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված (մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված) իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է»,–գրել է Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ–ի համոզմամբ` ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով: