Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Advertisement 1000 x 90

Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները

Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է պատերազմի ժամանակ իրենց քայլերով աչքի ընկած զինծառայողների մասին ուշագրավ պատմություններ։

Սերժանտ Էրիկ Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը: Իսկ ավագ լեյտենանտ Սամվել Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ:

«Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանն աչքի է ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կապիտան Սարիբեկ Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:

Շարքայիններ Անդրանիկ Դանիելյանն ու Արման Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:

Իսկ ահա մայոր Դավիթ Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, հետախուզել ու հայտնաբերել է հակառակորդին, կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, նաև խոցվել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ:

Բուժծառայության մայոր Մհեր Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Շահինյանը, ենթասպա Հասմիկ Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Գնունյանն էլ աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելւ գործողություններով: