Արցախում 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ժամանակ և նոյեմբերի 10-ին կնքված հրադադարից հետո հայկական մի շարք հուշարձաններ թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Բաց աղբյուրներում կան դա փաստող մի շարք լուսանկարներ և տեսանյութեր։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է ի մի բերել այդ բոլորը՝ հասկանալու, թե ինչ վնաս են կրել Արցախի հայկական հուշարձանները։
Ղազանչեցոց եկեղեցի, Շուշի
Հայ-առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցին՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ոչ միայն Շուշիի, այլ նաև ամբողջ Արցախի խորհրդանիշներից է համարվում։ Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինուժը երկու անգամ խոցեց այն։ Ըստ իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության, որն առանձին ուսումնասիրություն է հրապարակել եկեղեցու կրկնակի խոցման մասին, այն, ամենայն հավանականությամբ, խոցվել է բարձր ճշգրտության զենքի միջոցով։
Երկու հարվածներով եկեղեցուն զգալի վնաս է հասցվել։ Խոշոր անցք է բացվել եկեղեցու հարավային աբսիդի տանիքում։ Տանիքի քարերն ընկել էին եկեղեցու հատակին, և դրա հետևանքով վնասվել է նաև շինության ներքին հատվածը, այդ թվում՝ պատերը, խորանը, նստարանները։ Վնասվել էր նաև եկեղեցու գմբեթի թիթեղյա տանիքը։
Շուշիի անկումից հետո ադրբեջանական տիրույթում տեսանյութ տարածվեց, որում երևում են Ղազանչեցոց եկեղեցու պատերին վանդալիզմի հետքեր՝ սև ներկով գրվածքներ, ինչպես նաև ամսաթիվ՝ «11.10.2020»։
Ամբողցջությամբ՝ fip.am