Այսօր հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
«Անուն–ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա», – ասաց նա։
Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ Ավագյանի խոսքով` քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։
«Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ», – ասաց նա։
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։ Այսօր նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։