«Ամեն վիրավորի հետ գնում էր այն աշխարհ ու հետ գալիս». Ռազմական բժիշկը տասնյակ կյանքեր է փրկել պատերազմում եւ զոհվել է վիրավորի մոտ շտապելիս (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ամեն վիրավորի հետ գնում էր այն աշխարհ ու հետ գալիս». Ռազմական բժիշկը տասնյակ կյանքեր է փրկել պատերազմում եւ զոհվել է վիրավորի մոտ շտապելիս

Գարիկ Մանուկյանը երազում էր վնասվածքաբան դառնալ եւ կյանքեր փրկել: Նրան այդպես էլ բախտ չվիճակվեց վնասվածքաբան դառնալ, բայց Արցախում պատերազմի ժամանակ նա մեկ տասնյակից ավելի կյանքեր փրկեց: Եւ ինքը զոհվեց՝ ծանր վիրավորվելով, երբ շտապում էր հերթական վիրավորի մոտ:

Գարիկը եւ նրա եղբայր Ռաֆիկը միասին ավարտել են Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ 2019-ի սեպտեմբերին մեկնել են ծառայելու բանակում: Ռաֆիկը՝ ավագ եղբայրը, հայտնվել է Ստեփանակերտի զորամասերից մեկում, իսկ Գարիկը՝ Ջաբրայիլում: Երկուսն էլ իրենց զորամասերում բժիշկներ են եղել:

NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում Ռաֆիկը պատմեց, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան իրեն արթնացրել է եղբոր զանգը՝ հենց նրանից է իմացել, որ պատերազմ է սկսվել: Այդ օրերին Ռաֆիկը արձակուրդում էր, բայց, տագնապալի լուրը ստանալով՝ շտապել է վերադառնալ իր զորամաս:

«Ես ուզում էի սկզբում գնալ Ջաբրայիլ՝ եղբորս տեսնելու: Շատ էի անհանգստանում նրա համար, քանի որ նա իմ փոքր եղբայրն էր, եւ ես միշտ հոգ էի տանում նրա մասին: Եւ դա միշտ կշարունակվեր՝ անկախ նրանից, թե քանի տարեկան կլինեինք»:

«Սակայն եղբորս՝ Ռաֆիկին հնարավոր չեղավ այցելել, ստիպված էի շտապել իմ զորամաս, որտեղ նույնպես շատ վիրավորներ կային, ովքեր բժշկի օգնության կարիք ունեին»: Մի քանի օր եղբայրներին չի հաջողվել հանդիպել՝ յուրաքանչյուրն աշխատում էր իր զորամասում:

Այսօր Ռաֆիկը հաճախ է հանդիպում տղաների, ովքեր պատմում են, թե ինչպես է իր եղբայր Գարիկը փրկել իրենց, դուրս հանել, անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Իմանալով Գարիկին՝ Ռաֆիկը չի էլ կասկածում, որ նա մինչեւ վերջ նվիրվել է։

«Նա լաց էր լինում ամեն վիրավորի համար, որին չէր հաջողվում փրկել: Ծանր սթրես էր ապրում յուրաքանչյուր զինվորի հետ, ամեն վիրավորի հետ գնում էր այն աշխարհ ու հետ գալիս: Ես ամեն անգամ ասում էի նրան, որ նա չի կարող փրկել բոլորին եւ որ պետք է իր մասին էլ մտածի, որպեսզի ուժ մնա փրկելու նրանց, ում հնարավոր է փրկել: Իսկ նա ինձ ասում էր. «Ինչպե՞ս կարող եմ մտածել իմ մասին այսպիսի ժամանակ»»,- հիշում է Ռաֆիկը:

Հոկտեմբերի 15-ին Գարիկը ծանր վիրավորվեց, երբ շտապօգնության ավտոմեքենայով գնաց վիրավորներին տեղափոխող բուժաշխատողներին դիմավորելու: Հերթական անգամ ադրբեջանա-թուրքական ուժերը գրոհեցին շտապօգնության ավտոմեքենան: Գարիկին եւ նրա գործընկերոջը հաջողվեց դուրս գալ ավտոմեքենայից, նրանք փորձեցին պատսպարվել, սակայն թշնամու արկերի բեկորները մխրճվեցին Գարիկի լյարդի եւ փայծաղի մեջ:

Ծայրահեղ ծանր վիճակում նրան հասցրեցին Կարմիր Շուկայի հիվանդանոց, որտեղ նրա իսկ ընկերները սկսեցին վիրահատել նրան: Արդեն վիրահատության ընթացքում նրանք զանգահարեցին Ռաֆիկին եւ հայտնեցին, որ նրա եղբայրը վիրավոր է:

«Ես ուզում էի գնալ այնտեղ` նրա մոտ, սակայն ինձ ասացին, որ նրան կտեղափոխեն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Ես իսկույն գնացի այնտեղ: Նրա համար արդեն վիրահատարան էին նախապատրաստել: Ես անձամբ նրան իջեցրի ռեանիմոբիլից: Վիրահատությունը տեւեց 4 ժամ, սակայն նրա վիճակը շատ ծանր էր եւ փրկել չհաջողվեց»:

Ռաֆիկի խոսքով` Գարիկը շատ ուժեղ, նպատակասլաց անձնավորություն էր:

«Նա միշտ ուժեղ էր հոգով, ուժեղ բնավորությամբ: Եթե նա նպատակ ուներ, չէր հանգստանում, մինչեւ չհասներ դրան: Նա միշտ ձգտում էր իդեալին, լավագույնին: Եվ նա ցանկանում էր շարունակել ուսումը եւ վնասվածքաբան դառնալ»,- հիշում է Ռաֆիկը:

Գարիկը թողել է իր փոքրիկ դստերը: Նա, եղբոր խոսքով, միշտ երազում էր որդի ունենալ, նույնիսկ` շատ որդիներ:

«Պատերազմի ժամանակ ես եւ եղբայրս 5 անգամ հանդիպեցինք, երբ երկուսս էլ Ֆիզուլիի շրջանում էինք: Երբ վիրավորներին բերում էին հոսպիտալ, նա, ով ավելի շուտ էր գալիս, մի քանի րոպե սպասում էր մյուսին, որպեսզի կարողանայինք գոնե վայրկյան հանդիպել: Գրկախառնվում էինք, ասում, որ երկուսս էլ լավ ենք եւ գնում էինք մեր գործերով. Ժամանակը շատ քիչ կար: Դրանք երեւի իմ կյանքի ամենաերջանիկ պահերն էին: Այդ պահերը հավերժ կմնան իմ հիշողության մեջ»:

med.news.am