Ռուբեն Շուխյանի Facebook-յան հրապարակումը:
«Ներկայացնենք Հայաստանում նկարահանված առաջին խաղարկային «Նամուս» համր ֆիլմի գովազդային պաստառը, որը ստեղծվել էր 1926 թվականին՝ ֆիլմի մոսկովյան պրեմիերայի և հետագա ցուցադրումների գովազդման համար: Պաստառի հեղինակներն էին կոնստրուկտիվիզմի ոճի նկարիչ-գրաֆիկներ Վլադիմիր և Գեորգի Ստենբերգ եղբայրները, որոնք այդ ժամանակաշրջանի ճանաչված արվեստագետներ էին:
«Նամուս» ֆիլմը նկարահանվեց «Հայֆիլմ» («Արմենկինո») կինոստուդիայում 1925 թվականին՝ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վիպակի հիման վրա: Ֆիմի բեմադրիչ ռեժիսորն ու սցենարի հեղինակն էր Համո Բեկնազարյանը, օպերատորը՝ Սերգեյ Զաբոզլաևը: Ֆիլմում խաղացել են ճանաչված դերասաններ Հովհաննես Աբելյանը, Թագուհի Հակոբյանը (Հասմիկ), Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, իսկ գլխավոր դերերում՝ երիտասարդ դերասաններ Մարիա Շահուբաթյան-Տատիևան և Սամվել Մկրտչյանը:
Ֆիլմի պրեմիերան պաշտոնապես կայացավ 1926 թ. ապրիլի 13-ին Երևանի «Նաիրի» կինոթատրոնում, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Ամիրյան փողոցի վրա, այնուհետև հոկտեմբերի 3-ին Մոսկվայում, «Մալայա Դմիտրովկա» կինոթատրոնում, և ունեցավ բացառիկ հաջողություն: Հետաքրքիր մի փաստ ևս. ֆիլմի հաջողությունն այնքան մեծ է լինում, որ մոսկովյան «Յավա» ծխախոտի գործարանը անգամ թողարկում է «Նամուս» անվանումով հատուկ գլանակներ՝ տուփի վրա նույն այս Ստենբերգ եղբայրների պաստառի նկարով»: