2020թ.-ին ՀՀ ՊԵԿ-ում հարուցված 622 քրեական գործերով պետությանը պատճառած վնասը գնահատվել է շուրջ 21 մլրդ դրամ: Դրանից բյուջե է վերականգնվել միայն 7 միլիարդը:
Տեղեկությունն այսօր ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:
«2020թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 7 մլրդ դրամ, իսկ 2019թ. ընթացքում պետական բյուջե էր վերականգնվել շուրջ 6 մլրդ. դրամ, կամ 2019թ. համեմատությամբ՝ 2020-ի աճը կազմում է 2.1 տոկոս», – ասաց նա:
Ընդ որում, ՊԵԿ պաշտոնյայի խոսքով` 2020թ.-ին հարուցված քրեական գործերը 2019թ. համեմատ ավելացել են 70 տոկոսով:
«Ինչ վերաբերում է ավել հարուցված քրեական գործերին, դա ես կպայմանավորեի առավել արդյունավետ հարկային հսկողություն կազմակերպելով: 2020թ-ին աննախադեպ քանակով հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների տեղեկանքներ, հանցագործության մասին հաղորդումներ, ինչպես նաև հարկ վճարողների կողմից հարկային օրենսդրության խախտումների վերաբերյալ ռիսկերի մասին տեղեկանքներ են ստացվել»,- ասաց Չարխիֆալակյանը:
Քրեական գործերից 265-ը հարուցվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության փաստերով, 206-ը՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հարկային բնույթի հանցագործության դեպքերով:
Աճել է նաև բացահայտված ստվերային շրջանառության ծավալը՝ շուրջ 7 մլրդ դրամով: Դա, ըստ ՊԵԿ պաշտոնյայի, պայմանավորված է ՊԵԿ աշխատակիցների արդյունավետ աշխատանքով ու կատարած լուրջ ստուգումներով: