«Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ». Արմեն Մուրադյան
Advertisement 1000 x 90

«Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ». Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից.

«Կան մարդիկ, որոնց ներկայությունը մեր կյանքում սովորական է թվում, սակայն կարող է գալ մի ժամանակ, երբ միասին ապրած դժվարությունները ստիպեն ավելի լավ ճանաչել իրար, ցավի ու հույսի կողքին մտերմանալ, ի վերջո սկսել սիրել իրար։

Հենց այսպես պատահեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողների կյանքում։ Սերգեյի ու Նարինեի, որոնք պատերազմի ժամանակ կամավորագրվել և մեկնել էին Արցախ։

«Մենք սկսեցինք միասին քայլել՝ պատերազմի ու ապագայի հարցականների միջով։ Արցախը հատեց մեր ճանապարհները ու դեպի նոր ճանապարհ ուղղորդեց. սերը ու պարտավորվածությունը հայրենիքիս հանդեպ այլևս անսահման է»,-նշում է Սերգեյ Արամյանը։

Նարինե Արզումանյանը վստահ է ՝ բժշկի կյանքը որքան բարդ, նույնքան էլ հետաքրքիր է։

«Մի քանի օր էր պետք հասկանալու համար, որ պատերազմում իմ խաղաղությունն եմ գտել, ներքին խաղաղություն, որ ուժեղ էր ցանկացած արտաքին պատերազմից։ Սերգեյի հետ ընդհանուր ծանոթներ ունեինք, բայց առանձնապես երբևէ չէինք շփվել, սխալն ուղղեցինք հենց պատերազմում՝ կյանքերի ու մահվան սահմանին»,- ընդգծում է Նարինեն։

ԵՊԲՀ ուսանողները մի քանի օր առաջ նշանադրվել են, մի քանի ամսից հետո էլ պատրաստվում են ամուսնանալ։

Խոսելով կամավորագրվելու և Արցախում կատարած աշխատանքների մասին, Սերգեյը նշում է՝ պատերազմի լուրը լսելուն պես ընկերոջ հետ ուղևորվել է Մարտունու հոսպիտալ:

«Նախ գնացինք Ստեփանակերտ: Շատ ծանր օրեր էին: Անընդհատ գնդակոծություններ, ռմբակոծություններ, առաջնագծից տեղափոխվող բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, որոնց անհրաժեշտ էր շտապ բուժօգնություն: Ստեփանակերտից մեկնեցինք Մարտունի։ Իհարկե, գիտակցելով բժշկի առաքելության կարևորությունը, բոլոր դժվարությունները, մեծագույն պատասխանատվությունը, այնուամենայնիվ, մասնագիտությունն ընտրելիս երբևէ չէի մտածի, որ կաշխատեմ նման պայմաններում»,- անկեղծանում է Սերգեյ Արամյանը:

Ուսանողն օգնել է ռազմական բժիշկներին՝ փրկելու հայրենիքի համար առողջությունը վտանգած, ծանր վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքը, կատարել վիրակապություններ, մասնակցել վիրահատությունների, կազմակերպել ծանր վիրավորների տեղափոխումը Երևան: Բժշկական մայր բուհի սովորողն աշխատում է «Շտապբուժօգնություն» ծառայությունում: Պատերազմից առաջ Սերգեյը երևանյան կլինիկաներից մեկում միացել է նաև Քովիդ 19-ի դեմ պայքարին:

«Մեր տոհմը սերում է Արցախից, և բացի այդ, երբ գիտես կարող ես օգնել, փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, չես կարող չգնալ: Ես շտապօգնության մեքենայով նաև հիվանդներին եմ ուղեկցել Երևան: Գիտեք՝ ճանապարհը երկար է, դժվար, բայց չէինք հոգնում, հասնում էինք շտապօգնության կայան ու շտապում կրկին վերադառնալ Արցախ»,-ասում է նա։

Խոսելով հայրենիքի պաշտպանների մասին, Սերգեյը շեշտում է՝ նրանք բոլորը ամենամեծ հերոսներն են. «Ես ուզում եմ հիշել այն վիրավոր զինծառայողին, որի ոտքի մեջ թեև 3-4 բեկոր կար, բայց համոզում էր մեզ թեթև վիրակապել ոտքն ու թողնել, որ գնա առաջնագիծ զինակիցների մոտ: Դա հայրենասիրության գերադրական աստիճանն է»։

Ապագա բժիշկը ցանկանում է, որ այլևս դաշտային հոսպիտալներ ստեղծելու կարիք չլինի, աշխատեն միայն խաղաղության պայմաններում:

Նարինեն Արզումանյանը դեռ մանկուց է երազել բժիշկ դառնալու մասին. «Պատճառը հավանաբար հայրիկիս ոգևորող պատմություններն էին։ Հայրս ռազմական բժիշկ է, ով 25 տարուց ավելի ծառայել է հայրենիքին։ Ամեն երեկո լսել, թե ինչպես սահմանին, արկերի պայթյունների տակ պայքարել զինվորի կյանքի համար ու չդառնալ բժիշկ, չշարունակել պայքարել հանուն կյանքի, առնվազն, ներքին դավաճություն կհամարեի»։

Նարինեն որպես նեղ մասնագիտացում ընտրել է սրտաբանի պատասխանատու աշխատանքը։ Ապագա բժիշկը համարում է, որ սիրտն ամենահետաքրքիր ու կարևորագույն օրգանն է։

«Պատերազմը մեզ սովորեցրեց ավելին, քան դասագիրքը։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան մեկնել եմ Արցախ, Մարտունի՝ իմ ծննդավայրը։ Ես Արցախցի եմ ու միշտ եմ հպարտացել դրանով։

Մեկնելուս օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, ֆիզիկապես դասի էի, մտքերս` հայրենիքիս հետ։ Զգացի, որ չեմ կարող համակերպվել «սպասողի» կարգավիճակին։ Գիտեի՝ հայրս մի ժամից մեկնում է Արցախ, զանգեցի ու խնդրեցի, որ ինձ էլ տանի։ Համառությանս շնորհիվ համաձայնեց։ Դեռ չգիտեի, ուր եմ գնում, բայց գիտեի, թե ինչի համար ու դա ամենակարևորն էր,-ընդգծում է Նարինեն»։

Ապագա բժշկի խոսքով՝ այնտեղ պատասխանատվության չափը անհամեմատ ավելի շատ էր։

«Ամեն օր վիրահատություններ, վիրակապություններ… Եթե անկեղծ լինեմ ավելի դժվար էր ինձ համար ոչ թե ամպուտացված վերջույթը ձեռքերիս մեջ ունենալը, այլ հիվանդանոց մտած վիրավորներին խմբավորելը։ Ամենամեծ վախս՝ սև ժապավենով որևէ մեկին նշելն էր։ Մեծ ցավ էր հորեղբորս որդու կորուստը, բայց կորցնելուց չկոտրվելը ևս բժշկի արժանիքներից մեկն է»,- ասում է ապագա բժիշկը՝ շեշտելով, որ բժշկի ձեռքերը դողալու իրավունք չունեն և կազմակերպված աշխատանքի շնորհիվ բոլորին հասցնում էին օգնություն ցուցաբերել»։

Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ

Կան մարդիկ, որոնց ներկայությունը մեր կյանքում…

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Суббота, 30 января 2021 г.