«30-ամյա պայմանագրային զինծառայողը Մարտակերտի հիվանդանոցից Ստեփանակերտ տեղափոխվելու ճանապարհին անհետ կորել է. հոկտեմբերի 9-ից առ այսօր հարազատները տեղեկություն չունեն». galatv.am
Advertisement 1000 x 90

«30-ամյա պայմանագրային զինծառայողը Մարտակերտի հիվանդանոցից Ստեփանակերտ տեղափոխվելու ճանապարհին անհետ կորել է. հոկտեմբերի 9-ից առ այսօր հարազատները տեղեկություն չունեն». galatv.am

Ախուրիկցի Հարթենյանների ընտանիքը արդեն 4 ամիս է լուր չունի իրենց 30-ամյա պայմանագրային զինծառայող որդուց:

Վերջին տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին Սարգիս Հարթենյանը Մատաղիսում վիրավորվել է, նրան ծառայակից ընկերները տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ:

«Մարտակերտի հոսպիտալում բժշկական անկետա է բացվել, որտեղ նշված է, որ վիրահատվել է:

Հետո Սարգսին տեղափոխել են Ստեփանակերտ, ու մինչև հիմա ընդհանրապես տեղեկություն չունենք: Ոչ մի կառույց, պատկան մարմին չի զբաղվում այս հարցով, ինչ տեղեկություններ էլ ունենք, դրանք գտնում ենք մեր սեփական ուժերով: Ականատեսներ կան, որ իրեն Մարտակերտից տեղափոխել են:

Սարգիսը մի երկու տեղից բեկորային վնասվածք է ստացել… ծառայակից ընկերների պատմելով՝ արյունահոսել է, չգիտեմ, գուցե մի հիվանդանոցում պառկած է, մենք այս պահին ամեն ելքի էլ սպասում ենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է անհետ կորած պայմանագրային զինծառայողի ընկերը՝ Համբարձում Խաչատրյանը:

Սարգիս Հարթենյանը պայմանագրային զինծառայող է, ծառայությունն անցել է Վանաձորի զորամասերից մեկում:

Սեպտեմբերի 28-ից պայմանագրային զինծառայողին Վանաձորի զորամասից տեղափոխել են Արցախ:

Հարթենյանների ընտանիքի խնդրանք-պահանջը մեկն է՝ որպեսզի իրավապահ մարմինները զբաղվեն այս հարցով:

«Մենք զինկոմի միջոցով հարցում ենք ուղարկել Մարտակերտի հոսպիտալ ու չգիտենք՝ հարցման պատասխան կուղարկեն, թե ոչ: Ինչ-որ մեկը պիտի՞ այս հարցով զբաղվի, մենք ամեն տեղեկություն ունենք, բայց պետք է իրավապահ մարմինները զբաղվեն, որպեսզի կարողանանք գտնել Սարգսին:

Հայաստան էլ հոսպիտալ չմնաց, բոլոր հոսպիտալներում փնտրել ենք: Մարտակերտում նշված է, որ հոսպիտալում վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտ, բայց Ստեփանակերտի հոսպիտալում անուն-ազգանունը չկա: Մենք սպասում էինք, որովհետև պատերազմական իրավիճակ էր, հնարավոր է բունկեր տարած լինեին և այլն:

Զոհերի ցուցակում էլ ենք փնտրել, անգամ ԴՆԹ-ի թեստ ենք հանձնել… ամեն լուրի սպասում ենք, այնպես չէ, որ մենք ասում ենք, որ պիտի ողջ-առողջ իր ոտքով գա: Ամեն օր սպասում ենք տեղեկության…»,- ասում է Համբարձումը:

Վերջինիս խոսքով՝ իրենք ուր ասես դիմել են, որպեսզի տեղեկություններ ստանան:

«ԱԱԾ-ին դիմել ենք, «Կարմիր խաչ»-ին էլ ենք դիմել, ՄԻՊ-ին, ռուս խաղաղապահներին, ռազմական ոստիկանությանը:

Իրենք էլ մեզնից են տվյալներ ուզում, պարզելու փոխարեն, մեզնից են ինֆորմացիա ուզում: Իրենց փոխարեն մենք ենք ավելի շատ գործ անում»,- եզրափակում է Համբարձում Խաչատրյանը:

galatv.am