Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի անվտանգության ծառայության պետ, օգնական Նահապետ Թումանյանի հարազատները տևական ժամանակ է չեն կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները չեն կարողանում կամ չեն էլ ուզում բացահայտել Երասխահուն գյուղում տեղի ունեցած մի քանի հանցագործության դեպքեր։
Երեկ՝ փետրվարի 1-ին, ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում Ն․ Թումանյանի եղբայրն ասում էր․
«Երբ բռնեցին Մանվել Գրիգորյանին, փորձեցին հետապնդման ենթարկել նաև Նահապետին։ Սակայն ոչ մի փաստ չունենալով՝ տվյալ գործը դեռևս ավարտին չհասցրեցին։ Մանվելի ձերբակալությունից հետո թիրախում հայտնվեց նաև եղբայրս։ 2018թվ-ի հունիսին, հետո օգոստոսին, թալանեցին եղբորս տունը, դիմեցինք Արմավիրի ոստիկանություն։ Եկան, նայեցին, զննեցին, դեպքը արձանագրեցին, ասեցին, թե պատվի հարց է, անկախ ամեն ինչից, կռվող տղու տուն են թալանել, էդի պիտի բացահայտենք։ Մինչև հիմա բացահայտում են։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջերին մարտական նռնակ էին նետել տուն, բարեբախտաբար, չէր պայթել։ Այս դեպքում էլ եկան, արձանագրեցին, հատուկ սակրավորների միջոցով նռնակը վնասազերծեցին։ Դա էլ խոստացան, որ բացահայտելը իրենց պատվի խնդիրն է, բայց, ինչպես տան գողությունները, այս դեպքում նույնպես, դեռևս չի բացահայտվել։ Անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին էլ փորձեցին վառել Նահապետին պատկանող 90-ական թվականներից գործող բենզալցակայանը։ Բարեբախտաբար, գյուղացիները տեսել, տեղեկացրել էին մեզ ու, մինչ հրշեջների ժամանումը, տեղի ուժերով մարեցինք կրակը։ Բայց մի քանի միլիոնների վնաս կրեցինք։ Ինչպես նախորդ, այս դեպքում էլ, ոստիկանությունից եկան, նայեցին, զննեցին, ու նորից խոստացան, թե թասիբի հարց է։ Սա էլ չբացահայտվավ։ Էլ հույս էլ չունենք, որ դեպքերը կբացահայտվեն։ Մարդ, սոցիալական կարիքից դրդված, մի հատ հավ է գողանում, օրերի, նույնիսկ ժամերի, ընթացքում հայտնաբերում են։ Սաղ տելեներով տարածում են, թե տեսեք, Ոստիկանությունը հայտնաբերել է հավ գողացողին, իսկ այս դեպքերում լսում ենք արդեն ծանոթ արտահայտությունները՝ թասիբի հարց է, գտնելու ենք։ Չգիտենք՝ էլ ում դիմենք, որ հանցագործությունները բացահայտեն։ Եթե մարզի ոստիկանապետը, տարածքի ոստիկանապետը ի վիճակի չեն հանցագործությունները բացահայտելու, ավելի լավ ա ասեն, որ, եթե նորից նման դեպք լինի, անկապ տեղը չդիմենք իրենց»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: