Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը մանրամասն կքննարկի Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատում ներկայացված փաստարկներն ու կարձանագրի նրա կողմից թույլ տրված խախտումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատը մեծածավալ աշխատանքի արդյունք է, որն իր մեջ ներառում է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ փաստարկները:
«Խախտումների ծավալը շատ մեծ է, դրա համար պահանջները բավականին մանրակրկիտ են ներկայացվել: Վերջնական ակնկալիքը որոշակի փոխհատուցումն է՝ կոնկրետ անձանց իրավունքների խախտման համար. խոսքը թե գույքային վնասի մասին է, թե ոչ գույքային վնասի»,- նշեց Կիրակոսյանը:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված գանգատին և այդ մասով ձեռնարկվող քայլերին, Կիրակոսյանը կարևոր է համարում Հայաստանի կողմից ներկայացված գանգատը: Բացի այդ, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի, Ադրբեջանի գանգատն ունի բավականաչափ թերացումներ իրավական առումով և խնդիրներ, որոնք կարելի է հենց Ադրբեջանի դեմ օգտագործել:
«Կարծում եմ, Ադրբեջանի գանգատը ոչ հիմնավոր է, և երբ գանգատի պատասխանը ներկայացնենք, դա կօգտագործվի իրենց դեմ»,- ընդգծեց Կիրակոսյանը:
Հարցին՝ կա՞ մոտավոր հաշվարկ, թե որքան է կազմում Ադրբեջանի կողմից պատճառված վնասի չափը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պատասխանեց, որ դեռ վաղ է հաշվարկների մասին խոսելը, դա կարվի հետագա փուլերում, երբ դատարանը կքննի գործը: