Արմավիրի մարզում Ավինյանի մասին բանաստեղծություն են գրել. «Եթե թևիդ ժամացույցը դու աճուրդով վաճառես, էդ գումարով երևի մեր ճամփեքը կսարքեն». shamshyan.com (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմավիրի մարզում Ավինյանի մասին բանաստեղծություն են գրել. «Եթե թևիդ ժամացույցը դու աճուրդով վաճառես, էդ գումարով երևի մեր ճամփեքը կսարքեն». shamshyan.com

Փոխվարչապետ Ավինյան, խոստումբ դարձավ օդ դատարկ,

Սուտ խոստումիդ պատճառով Փոսն անցնում ենք օդերով:

Մինչ լծվել ես Սյունիքի ճամփաները չափելով,

Մեր ճամփան է հիմնովին ավերակի վերածվել:

Եթե թևիդ ժամացույցը դու աճուրդով վաճառես

Էդ գումարով երևի մեր ճամփեքը կսարքեն:

Արդեն մի քանի օր է, Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ իրար բարևելուց հետո այս բանաստեղծությունն են փոխանակում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին: Պատճառը՝ Արմավիրի մարզի Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի Ջրարբի գյուղի սկզբնամասում գտնվող «հոգեվարքի մեջ» հայտնված մահաբեր կամուրջն է: Գյուղացիները էլ հույս չունեն ոչ Տ. Ավինյանից, ոչ էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից:

Երեկ՝ SHAMSHYAN.com ահազանգած գյուղացիներն ասում էին. «էդ որ կառավարությունը Սյունիքից մինչև Ադրբեջան ուզում է եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ կառուցի, բա ո՞նց հասկանանք, որ իր քթի տակ միջպետական կարևորագույն ճանապարհներից մեկը ու այդտեղով անցնող 2 կամուրջներ լրիվ «սև թուղթ» են դարձել:

Բան չենք ցանկանում, Ավինյանն ու Պապիկյանը ձեռք-ձեռքի բռնած մի օր գան ու սեփական աչքերով տեսնեն ու սեփական մաշկի վրա զգան՝ ինչպես անվտանգ անցնեն մահաբեր կամուրջների վրայով:

Վերջին հույսով դիմում ենք կառավարությանը, որպեսզի վերջապես կատարեն իրեց տված խոստումները և այս միջպետական ճանապարհը նույնպես դարձնեն վարորդների համար անվտանգ ճանապարհ, իսկ եթե հերթական անգամ խաբեն, մնում է սպասենք, թե երբ նրանց մոտ կարթնանա մարդկային խիղճը»: Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2020թ.-ի օգոստոսի 17-ին՝ կեսգիշերն անց, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։

Մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում էին փակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Ջրարբի գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհը, քանի որ այն արդեն, կարելի է ասել, ամբողջովին դարձել է վտանգավոր։ Կամրջի վրա առաջացած հսկայական մարդաբոյ փոսը վարորդների համար արդեն դարձել էր ամբողջովին պատուհաս։ Բնակիչներն իրենց ավտոմեքենաները կայանել էին կամրջի տարբեր հատվածներում՝ այն օգտագործելով որպես պաշտպանիչ վահան։

Գյուղացիները պահանջում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները կամ Ճանշինի պատասխանատուներն ու պատասխան տան, թե, ի վերջո, երբ է դարն ապրած, իրենց կողմից կոչված «Ավազե մահաբեր կամուրջը» հիմնանորոգվելու. «Ամեն անգամ խոստանում են, թե խնդիրը կլուծվի, բայց բոլորի խոսքերը հօդս են ցնդում։ Հույսներս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վրա էր, էն էլ մեկնեց արձակուրդ։

Մնում ա, սպասենք, թե պատասխանատուները երբ կբարեհաճեն ու իրենց տեղներից վեր կկենան ու խնդիրը կլուծեն։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ 2 գիշեր է, հերթապահություն ենք կատարում, որ խամ մարդիկ չգան ու վթարի չենթարկվեն։ Երևի էդ պատասխանատուները սպասում են, որ հերթական վթարը լինի, այդ թվում՝ ողբերգական, ու գան, տեսնեն, որ իրենց ապաշնորհ աշխատանքի հետևանքով մահը խորհրդանշող պսակներ են դրվել կամրջի երկայնքով»։

Դեպքի վայր էր ժամանել Ճանշինի ինչ-որ պատասխանատու, ով անմեղ հայացքով գյուղացիներին ասում էր, թե ինքը տեղեկություններ չի ունեցել, որ կամուրջն այս օրն է ընկել, ու խոստացավ, որ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ՝ այն հիմնանորոգելու ուղղությամբ, սակայն մարդիկ չէին հավատում նրան՝ ասելով. «Սաղ մարզը գիտի՝ էս կամուրջն ինչ օրն է ընկել, դուք էկել, էստեղ լո-լո եք կարդում ու փորձում եք մեր ականջներից լապշա կախել»։

Այնուամենայնիվ, բնակիչները, հավատալով մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, Վաղարշապատի ոստիկանության ծառայողներին, ճանապարհը բացել էին, իսկ մարզի ոստիկանապետի հանձնարարականով գիշերային ծառայությունէր նշանակվել տեղում, որպեսզի վարորդները, մոտենալով կամրջին, տեսնեին ոստիկանական փարոսիկներով ավտոմեքենան և զգույշ անցնեին կամրջի վրայով։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com