Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։
Նրա տեղեկացմամբ՝ 4 գերիների թվում եղել են ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելությունները կատարել են փետրվարի 1-ին և 2-ին։
«Տեսակցությունների ժամանակ անձանց հնարավորություն ենք ընձեռել կապ հաստատել իրենց հարազատների հետ»,– տեղեկացրեց Ամատունին։ Թե քանիսն են կարողացել խոսել հարազատների հետ՝ նա չհստակեցրեց։
Զառա Ամատունու խոսքով՝ այցելության ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին։
Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։ Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում վերադարձնել գերիներին՝ նրանցից շատերին անվանելով ահաբեկիչներ և վարձկաններ։ Հայ գերիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Ըստ որոշ տվյալների ՝ Ադրբեջանում 120 հայ գերի կա։