Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին բողոքներ են ստացվել ՀՀ մարդու իրավունքների գրասենյակ։
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրականացվում է ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս:
«Բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Հողատարածքը տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ»,–Facebook–ի իր էջում գրել է Թաթոյանը:
Դրանից բացի, Սոթք գյուղում գտնող նշված մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցված ընկերության վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2048թ. ապրիլ ամիսը:
ՄԻՊ–ը հիշեցրել է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին, ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք:
«Ինչպես նշվել է Պաշտպանին հասցեագրած բողոքում, գործարար ընկերությունը զրկվել է իրենց հատկացված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի 200 հա հողատարածքն օգտագործելու, 75 հա տարածքի վրա կառուցված հողմային էլեկտրակայանից՝ 2 հողմակից ու դրանով ընկերությանը պատճառվել է մոտ 5,000,000 ԱՄՆ դոլարի չափով վնաս: Ընկերությունը հաստատված ծրագրով նախատեսել է ընդհանուր առմամբ ունենալ 23 հողմակ մնացած ողջ 200 հա տարածքի վրա, որի ուսումնասիրություններն արդեն արված են եղել: Այսինքն՝ ընկերությունը զրկվել է նաև առանձնապես խոշոր չափի բաց թողնված օգուտներից, ինչպես նաև տնտեսական գործունեությունը զարգացնելու հնարավորությունից»,–գրել է Թաթոյանը:
ՄԻՊ-ն ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել են միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն տարածքում, որը նրանց հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել կառավարությունից անկախ ՀՀ մարմինների որոշումներով:
«Նշվածից բացի, այս ամենի արդյունքում իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների համար: Հարցն այն է, որ այդ տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար Ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ լինելու պատճառով, ինչը բնակիչների համար լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության ու մասնավորապես՝ անասնապահության հարցերով»,–գրել է նա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են նշված հարցերը, դրանք կներկայացվեն միջազգային մարմինների ուշադրությանը, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին՝ կապված Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հետ: