ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը սահմանային անցակետերում ավելի է բարձրացնելու վերահսկողության արդյունավետությունը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը նշեց, որ, իրավախախտների հնարամտություններին զուգահեռ, իրենք պարբերաբար զարգացնում են նման դեպքերի բացահայտման մեխանիզմները:
«Կարող եմ ասել, որ դա շուրջօրյա, 24-ժամյա պայքար է: Որոշներն ամեն կերպ, ամեն հնարամտության դիմում են, որպեսզի հասնեն իրենց հանցավոր նպատակներին: Մենք էլ մեր առջև խնդիր ենք դրել միշտ մի քայլ առաջ լինենք իրենցից և կանխել»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Թմրամիջոցներ, արգելված հոգեմետ դեղեր անցկացնելու գործում իրավախախտները դիմում են ամենատարբեր հնարամտությունների: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հայտնաբերած դեպքերից Վարդան Վարդանյանն առանձնացրեց մի քանիսը: 2020 թվականին կանխվեց Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանից Ավստրալիա սուրհանդակային առաքման միջոցով «ափիոն» տեսակի թմրանյութի տարանցիկ փոխադրման երկու փորձ: Առաջին դեպքը բացահայտվեց «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնում: Մաքսանենգների կողմից օգտագործվել էր թմրանյութը թաքցնելու բավական հետաքրքիր եղանակ. 2.8 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութով ներծծված էին ծանրոցում առկա 1 հատ բարձի և 2 հատ մանկական ներքնակների սպունգները: Երկրորդ դեպքում մաքսանենգների ձեռագիրը չէր փոխվել. այս անգամ դեպքը բացահայտվեց Ագարակ պետական սահմանի անցման կետում, երբ ԻԻՀ քաղաքացին փորձել էր ուղեկցվող ուղեբեռով ՀՀ ներմուծել 1.5 կգ «ափիոն» տեսակի թմրանյութով ներծծված սպունգներով անկողնային պարագաներ, իսկ այնուհետև դրանք սուրհանդակային առաքման միջոցով փոխադրել Ավստրալիա:
«Նախորդ տարի ևս մեկ կարևոր բացահայտում տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում, երբ ԻԻՀ քաղաքացին փորձել էր Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանից Ճապոնիա սուրհանդակային առաքման միջոցով տեղափոխել շուրջ 5.2 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Այս դեպքում ծանրոցում առկա հարսի զգեստների երկու արկղերի կողային պատերը և հատակները ամբողջովին պատրաստված էին սպիտակավուն բյուրեղանման զանգվածից` «մեթամֆետամինից»,- նշեց Վարդան Վարդանյանը:
2020 թվականի ընթացքում բացահայտվեց նաև ընդհանուր 2,9 կգ քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութի Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանից Մալայզիա տարանցիկ փոխադրման 2 դեպք: Առաջին դեպքը բացահայտվեց Ագարակ պետական սահմանի անցման կետում, երբ Իրանից ժամանած պարսիկ կնոջ ճամպրուկից հայտնաբերվեց «կետամին» տեսակի հոգեմետ նյութի խմբաքանակ, որը թաքցված էր լուծվող սուրճի 40 փաթեթներում: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ստացվեց տեղեկատվություն այն մասին, որ նշված կնոջ ամուսինը ևս ժամանել է Հայաստան: Հաջորդ օրը «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրում վերջինս ձերբակալվեց Երևան-Դոհա-Կուալա Լումպուր չվերթով Մալայզիա մեկնելուց առաջ: Նրա ճամպրուկում էլ հայտնաբերվեց «կետամին» տեսակի հոգեմետ նյութի մեկ այլ խմբաքանակ` թաքցված լուծվող թեյի փաթեթներում: