Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լրատվամիջոցների լուսաբանման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:
«Վերջինս չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ, և բնականաբար հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ:
Հիշյալ իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով և տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով»,- նշում են ԱԱԾ-ից:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղեկացրել էին, որ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր դիմել ՀՀ ԱԱԾ:
Կառույցից տեղեկացնում են նաև, որ անգամ տվյալ իրազեկման հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում առանց նախնական տեղեկացման Սյունիքի մարզում գտնվող յուրաքանչյուր լրագրողի, շաբաթվա ցանկացած օրվա և ցանկացած ժամի դրությամբ, ԱԱԾ-ն ցուցաբերել է պատշաճ աջակցություն՝ ապահովելով նաև ուղեկցություն սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից: