Ինչպես հայտնել էինք, երեկ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Վարդանանց փողոցի շենքերից մեկից, ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել սիրիահայ Գաբրիել Բաշուրյանը (Bashoura): Նա, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ցած է նետվել եղբոր աչքի առջև:
Մեր տեղեկություններով՝ Բաշուրյանների ընտանիքը եղել է Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում. Գաբրիել Բաշուրյանի եղբորը՝ պատերազմի ընթացքում վիրավորված Րաֆֆի Բաշուրյանին վերջերս Հրանուշ Հակոբյանը երկու անգամ ընդունել է նախարարությունում, ծանոթացել նրանց խնդիրներին և խոստացել, որ կօգնի:
Րաֆֆի Բաշուրյանը հրազենային վիրավորում է ստացել Սիրիայի պատերազմում (վիրավորվել է ձեռքը, վնասվել են հյուսվածքները), այնուհետև եղբոր հետ տեղափոխվել Հայաստան: Հայաստանում ապաքինվելու և գործ գտնելու համար նա դիմել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Հոկտեմբեր ամսին, կրկին ընդունելով Րաֆֆի Բաշուրյանին, Հրանուշ Հակոբյանը, ըստ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» կայքի, ասել է. «Ես ուզում եմ, որ լիովին ապաքինվես, գործ ունենաս, հաստատվես Հայաստանում: Սա ձեր տունն է, բոլոր հարցերով կարող եք գալ ու համոզված եղեք, որ ոչ մի խնդիր չլուծված ու ոչ մի հարց անպատասխան չի մնա: Մենք աշխատում ենք լուծել Հայաստան տեղափոխված բոլոր սիրիահայերի կեցության, աշխատանքի, ուսման, սոցիալական հարցերը, ամեն ինչ անել, որպեսզի նրանք Հայրենիքում հաստատվեն, արագ ինտեգրվեն»:
Րաֆֆի Բաշուրյանն այդ հանդիպումից գոհ ասել է, որ եթե դուստր ունենա, նրան Հրանուշ է կոչելու: Նա «Հայերն այսօր» կայքի հետ զրույցում ասել է նաև, որ հույս ունի, թե ինքն ու եղբայրը՝ Գաբրիելը գործ կգտնեն Հայաստանում: Նրանց մայրը բնակվում է ԱՄՆ-ում, հայրը՝ Դամասկոսում:
Իսկ թե ինչն է եղել եղբոր՝ 40-ամյա Գաբրիել Բաշուրյանի ինքնասպանության պատճառը, առայժմ հայտնի չէ: