ArmDaily.am-ն գրում է. «ՀՀ վարչական դատարանը մասնակիորեն բավարարել է Արսեն Աֆրիկյանի հայցն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության: Համաձայն վճռի Արսեն Աֆրիկյանը կվերականգնվի ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար կստանա հատուցում՝ միջին աշխատավարձի չափով:
Մնացած՝ Արդարադատության նախարարությունից վճարման ենթակա աշխատավարձի կետանցված յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոսի չափով գումար բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժվել է:
Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից 1 ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Հավելենք, որ ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Արտակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2018 թ-ին Արսեն Աֆրիկյանն ազատվել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից և այս պաշտոնին էր նշանակվել Մանուկ Լևոնի Միքայելյանը: Արսեն Աֆրիկյանը դատարան էր դիմել իրեն աշխատանքից ազատելու մասին և Մանուկ Միքայելյանին ՔԿԾ պետի առաջին տեղակալ նշանակելու մասին որոշումներն անվարեր ճանաչելու, միջին ամսական աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը մեկ ամսվա համար կազմում է 476.000 դրամ` սկսած 15.06.2018թ.-ից մինչև դատարանի վճռի փաստացի կատարումը հայցվորի օգտին բռնագանձելու մասին պահանջով»: