«Մնացյալը լռություն է». Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

«Մնացյալը լռություն է». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանի ֆեյբուքյան էջից.

«ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է

Ո՞վ է, կամ ովքե՞ր են համարվում ազգի սերուցքը: Ովքե՞ր են այն մարդիկ, ում ձայնը ու խոսքը պետք է ավելի հնչեղ լինի, լռեցնող, սթափեցնող և ուղղորդող: Ովքե՞ր են հանդիսանում այն դոգմաները, ում կարծիքը նվազագույնը մտածելու ու խորհելու ազդակ պիտի հանդիսանա լայն զանգվածների համար:

Վստահորեն՝ մտավորականությունն է:

Իսկ հիմա եկեք մի պահ նայենք մեր անցած 30 տարիներին ու հասկանանք, քա՞նի մտավորական ենք ունեցել և ունենք, որոնք բացի ամեն ինչից նաև ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ:

Վերջին 15-16 տարիներից հետո, երբ կենսափորձս և որոշ մարդկանց «քաշի» չափ կարդացածս ինձ թույլ տվեցին մտածել, որ կարող եմ սեփական վերլուծություններս հանձնել նաև մարդկանց դատին, ինձ բերեցին հետևյալ համոզմանը: Թումանյանը իմ համար ոչ իր հանճարեղ քառյակներն ու բանաստեղծություններն են, ոչ էլ իր խորը պատմվածքներն ու հեքիաթները: Թումանյանը ինձ համար առաջին հերթին իր նամակներն են Իսահակյանին ու Անդրանիկ Օզանյանին: Երբ կարդում ես դրանք, դու հասկանում ես երկրի զավակի, ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ անհանգստությունները, մտավախություններն ու տագնապալից հոգեվիճակը իր ազգի, իր ժողովրդի ու իր պետության լինելիության հետ կապված: Թումանյանը երկրի ճակատագրական պահին նամակ է գրում Անդրանիկին և ասում, – «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն»: Ամենակարևորը այս նամակում այն է, որ Թումանյանը սա ոչ միայն գրել է՝ գրելու համար, այլ այսպես ապրել է: Երկրի ու ազգի դարդ ու ցավով: Չի վախեցել, երբ քննադատել է երկրի տվյալ պահին ղեկավարող կառավարությանը կամ կուսակցություններին, երբեմն լավ հասկանալով, որ կարող է զրկվել ինչ-ինչ ֆինանսական աղբյուրներից՝ հոնորարների, կամ գրքերի վաճառքից գոյացած գումարների տեսքով: Մարդը առաջին հերթին եղել է ՀԱՅ, ՔԱՂԱՔԱՑԻ և հետո նոր հանճարեղ գրող:

Վերջին 30 տարիներին, ցավոք, ես տեսել եմ շատ քիչ մտավորականներ, որոնք ապրել են, կամ ուզում են ապրել Թումանյանի պես: Գուցե վախենում են Թումանյանի պես 54 տարեկանում մահանալու՞ց: Երևի պետք է ձգտել Թումանյանի պես ԱՆմահանալ, ոչ թե վախենալ ոչ մեծ հասակում հիվանդություններից մահանալուց:

30 տարիների ընթացքում շատ քչերն են եղել, որ հանդգնել են չհամաձայնել այս, կամ այն իշխանության սեղանի ընկերը լինելուց, կամ լինելով հանդերձ խոսել են, սաստել, համոզել, խնդրել, պահանջել ու վերջապես ՊԱՐՏԱԴՐԵԼ այն, ինչը մարդկայինն է, ազնիվն է, հայկականն է, ազգայինն է, առավելն է, քան այսրոպեականը: Իսկ ՊԱՐՏԱԴՐԵԼ կարող է միայն անքննելի հեղինակությունը: Իսկ անքննելի հեղինակություն էլ դառնում են այն ժամանակ, երբ չեն վախենում ամբոխի ձայնից, երբ չեն ընկրկում սոցիալական դիսկամֆորտի դիմաց, երբ իրենց որոշումներն ու քայլերը չափում են հազարամյակներից եկած գենետիկ հիշողությամբ, երբ Նարեկացու քարանձավը ու ճգնավորությունը չեն համարում ուղղակի պատմական փաստ, երբ Նժդեհին չեն ցիտում միայն այն ժամանակ, երբ ամբիոնին հանրապետականի կրծքանշանով մարդիկ են իշխում, երբ չեն փորձում մեռնել տաք անկողնում այն դեպքում, երբ 30 տարի է սառը անկողնում մեռնում են հազարավոր անտունները… Իրենք այդ անտունների մասին գիտեն, բայց դեմ չեն ստանալ հերթական բնակարանը, որը սիրով իրենց կնվիրի հերթական մի իշխանությունը, որի սեղանի վրա նրանք արդեն իրենց ավանդական տեղը կզբաղեցնեն ու այս անգամ էլ կհայհոյեն հերթական նախորդներին, հոգու խորքում երազելով, որ դրանք չվերադառնան: Կարևորը «սրանք» էլ իրենց հերթական հոբելյանի համար մի քանի միլիոն դրամ հատկացնեն: Բա հո իզու՞ր չի համարվում ինքը «ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ»: Կարող էր, չէ՞, Սովետի փլուզումից հետ մնար Մոսկվայում ու համարվեր «ռուսաստանցի մտավորական»…

Ինձ համար գրողը, բանաստեղծը, նկարիչը, քանդակագործը, դասախոսը, բժիշկը, երաժիշտը, պարուսույցը իր մասնագիտությունից առավել նշանակալի է որպես ՔԱՂԱՔԱՑԻ: Իսկ եթե դու քաղաքացի ես, դու չես կարող լռել… Իսկ եթե լռում ես հիմա, երբ հայրենիքդ կանգնած է լինելիության ջրբաժանին, ապա ու՞մ է պետք քո հնչեղ արվեստը հետագայում: Ո՞ր ազգին է պետք գալու այն: Չէ՞ որ դու նախընտրեցիր ուղղակի մահանալ, այլ ոչ թե ԱՆմահանալ: ԵՎ այստեղ ընդհանրապես կապ չունի, քեզ հետո կթաղեն Պանթեոնում, թե ոչ: Կարևորը այն է, թե տարիներ հետո քա՞նի մարդ կհիշի քո գերեզմանի մասին: Ու հիշելուց հետո էլ կգա այցի»:

ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է

Ո՞վ է, կամ ովքե՞ր են համարվում ազգի սերուցքը: Ովքե՞ր են այն մարդիկ, ում ձայնը ու խոսքը պետք է…

Опубликовано Ռուբեն Մխիթարյան Понедельник, 15 февраля 2021 г.



Նման նյութեր