Ջերմաստիճանն այսօր կշարունակի նվազել. այն կլիմայական նորմայից արդեն ցածր է 10-15 աստիճանով. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ջերմաստիճանն այսօր կշարունակի նվազել. այն կլիմայական նորմայից արդեն ցածր է 10-15 աստիճանով. armtimes.com

Արկտիկական ցուրտ օդի և հզոր անտիցիկլոնի ներթափանցման հետևանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը շարունակում է շատ ցածր արժեք ունենալ: Այս պահին այն կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով: Այդ մասին armtimes.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Արդեն ժամը 13:00-ն է, բայց Աշոցքում դեռ -24 աստիճան է, Երևանում -9…-11: Ավելին՝ անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբeuիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները: Աշոցքում, օրինակ, գրանցվել է -33, Գյումրիում, Ծաղկահովիտում -30, Հրազդանում, Ապարանում՝ -28, Տաշիրում, Գավառում, Ստեփանավանում՝ -25…-26, Արարատյան դաշտում՝ -19….-22, Երևանի ցածրադիր գոտում՝ -20…-21, բարձրադիր գոտում՝ -16…-18 աստիճան ցուրտ»,- մանրամասնեց օդերևթութաբանը՝ ընդգծելով, որ առաջիկա գիշերը ևս սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ 1-2 աստիճանով:

Այնուհետև, ըստ Սուրենյանի, եղանակը մինչև ամսի 24-ը կմնա անփոփոխ. այսինքն՝ կպահպանվի ցածր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ: «Առաջիկա օրերին ջերմաստիճանի ոչ իջեցում, ոչ բարձրացում չի կանխատեսվում: Միայն ամսի 21-ին որոշակի ամպամածության ավելացում է նկատվելու ցերեկային ժամերին: Այդ օրը հանրապետության առանձին հատվածներում աննշան ձյան տեղումներ կարող է լինեն»,- նկատեց Սուրենյանը:

Օդերևութաբանը նշեց, որ ներկայումս մեր երկրի տարածքում գործում են օդերևութաբանական հետևյալ երևույթները. «1. Արկտիկական օդի ներթափանցում, 2. ձնածածկույթի առկայություն, 3. պարզ եղանակ, 4. հզոր անտիցիկլոն, որն ապահովում է օդի վարընթաց հոսանքներ: Այսինքն՝ սառն օդը մթնոլորտի վերին շերտերից իջնում է ստորին շերտեր, կուտակվում ցածր շերտերում: Հետաքրքիրն այն է, որ այս դեպքում Երևանի և Արարատյան դաշտի ավելի բարձր գոտում օդի ջերմաստիճանն ավելի բարձր է լինում, քան ցածրադիր գոտիներում: Օրինակ, այսօր գիշերը Երևանի բարձրադիր գոտում ջերմաստիճանը եղել է -16…-18 աստիճան, իսկ ցածրադիր գոտում հասել է մինչև -21 աստիճանի: Դա պայմանավորված է նրանով, որ սառը օդը, ունենալով մեծ կշիռ և մեծ խտություն, բարձրադիր վայրերից իջնում է ցածրադիր վայրեր»:



Նման նյութեր