Այսօր ՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է, որ տուժածներ լինեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշաված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
Ոստիկանները նշված գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 49-ամյա Վահե Վարդանյանի դին։ Իսկ նշված վայրից, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մասիսի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Նորիկ Եսայանը, ապա տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ն․Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: