ՀՀ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.
Անտարբերությունը մեղք է, որը գործում ենք արնաքամ լինող Հայաստանի հանդեպ: Անտարբերները քայլում են կյանքի կողքով: Ոչ մեկին չի ներվելու:
Հայաստանում շրջում է անտերության, անպաշտպանության ու թշվառության ուրվականը: Սկսած` գերիների ու անհետ կորածների հարցերից մինչև պետության անվտանգության հարցեր:
Հայաստանի ապիկար ու դավաճանական իշխանությունը` իր թավշյա մարդասպան ղեկավարով հանդերձ պետության մաշման վերջին ակորդներն է իրականացնում: Մնացածը` լիրիկա է: Հայհոյեք, անիծեք, գլուխը տմբտմբացնելով փիլիսոփայեք թե լուռ մտածեք` դրանից իրականությունը չի փոխվելու: Ձախողակ լինելը վարակիչ է, ու շարքային ձախողակը պետությունը դարձրեց այնպիսին, ինչպիսին երկու տարի առաջ հենց ինքն էր նկարագրել` ձախողված:
ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏ
Հայաստանը բոլոր չափորոշիչներով գտնվում է բացասական (մինուս) առանցքում, պայմանականորեն ասած` զրոյական կետում` անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական:
Հայաստանի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ հիմա միայն դատարկ հնչյուն է: Այն կախված է ումից ասես, բայց միայն ոչ Հայաստանից: ԱԱԾի-ի ապօրինի ու հակասահմանադրական արգելքը լուսաբանում չիրականացնել Սյունիքում, այս ամենի խտացված նկարագրությունն է: ( նմանատիպ խայտառակություն, բացի Հյուսիսային Կորեայից դժվար է պատկերացնել): Մեր թուլանալու հետևանքով անգամ Ռուսաստանի համար տարածաշրջանում դարձել ենք գլխացավանք, իսկ մյուսների համար սեպ, որը պետք է հանել: Ուստի անվտանգության անթիվ աշխատակիցներով պաշտպանված թավշյան մարդասպանի մեկ օր ավել մնալը նշանակում է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ մոտեցնել մեկ օրով: Ու երիցս նզովյալ են այն տասկոպեկանոց գրպանային գործիչները, ովքեր մի ամբողջ ժողովրդի անվտանգություն թողնում են հոգին հաշմված վախկոտի հույսին:
Հին ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգի դեֆոլտը փաստ է: Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր դերակատարները պարտավորված են փոխվել: Գիտակցեն թե ոչ` այդպես է: Ոչ միայն ու ոչ այնքան անունով կամ դեմքով, որքան իրենց մոտեցումներով ու փիլիսոփայությամբ: Դաժան մարտահրավերները ցավոտ լուծումներ են պահանջում: Նոր սկիզբ է լինելու: «ՉԽԱՆԳԱՐԵԼ ՈւՆԱԿԻՆ»- սա պիտի լինի ելման կետը: Միայն այդ դեպքում կլինի սկզբում` Հայաստան առանց նիկոլ, իսկ հետո էլ` առհասարակ Հայաստան:
ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆը գահավիժում է սարսափելի արագությամբ ու կոլապսը դեռևս շատ շոշափելի չի, քանզի ինչպես երբեմնի պարկեշտ թունյանն էր ասում, բա որ պարտք չվերցնենք, ինչպես աշխատավարձ տանք: Թե ինչ է լինում այն երկրների հետ, ովքեր պարտքով են աշխատավարձ ու թոշակ տալիս, թող պատմեն տնտեսագետները:
Հատկապես, եթե մեծ հավանականությամբ այդ պարտքը քեզ տվել են թուրքերը կամ նրանց փոխկապակցված շրջանակները:
Հայաստանում ԲԱՐՈՅԱԶՐԿՎԱԾ ու բարոյալքված են բոլոր պետական ինստիտուտները` օրենսդիրը, գործադիրը, հատկապես` իրավապահը: Տարիներ շարունակ կայանալով ու զարգանալով հանդերձ` նրանք չդարձան համակարգեր, որոնք ունակ կլինեն հակազդեցություն ցույց տալ ու փրկել պետությունը չարիքից:
Ինստիտուցիոնալ իմունուտետ չձևավորեցինք:
Գործող իշխանությունը այնքան իջեցրեց պետական ծառայողի նշաձողը, որ ով հայհոյում կամ ստատուս է գրում, համարվում է հասարակական-քաղաքական գործիչ ու իրեն միանգամայն օրինաչափ կերպով պատկերացնում շարքային նիկոլականի փոխարեն: Պետական համակարգում աշխատելը այլևս չի ենթադրում անգամ նվազագույն իմացություն կամ փորձ, գիտելիք, ինքնակրթություն, հայրենասիրություն: Լավերի ու հաջողակների պահանջարկ չկա: Ավելին`վարակիչ հաջողակներին վատնում ենք ու մաշում:
Հայաստանում բարոյահոգաբանական տեսանկյունից լուռ հակամարտություն է: Լուռ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ: Այստեղ անգամ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ ԳՈւՅՆ ունի` սև ու սպիտակ: Ցանկացած հարցի պատասխան տրամագծորեն տարբերվում է`կախված նրանից` սև թե սպիտակ գույնի սիրահարն է մեկնաբանում: Դավաճան բառն անգամ մեկնաբանվում է ըստ նախասիրության, թեև թվում է` էլ ուր ավելի ակնհայտ: Բարոյալքման անդունդը բաց է, մենք այնտեղ ենք, ու արժեհամակարգային խեղման խտացված դրսևորումը գերիների հարազատներից մերկ լուսանկարներ պահանջող վիժվածքն է:
Կովիդի ու պատերազմի սթրեսը հաղթահարելու ցանկությունն այնքան մեծ է, որ չենք նկատում, որ ճշմարտությունը այլ գույն ստացավ ու դեռ երկար այդպես է մնալու` կարմիր: Արյան ալ կարմիր:
Խելահեղ անհոգության ու ուրախության շղարշը, որով պատված է Երևանը, իրականում մի բացատրություն կարող է ունենալ` տպավորություն է` մարդիկ շտապում են ուրախանալ, շտապում են ապրել, որովհետև հաջորդ արհավիրքի սպասումը շատ մեծ է: Այն կարող է լինել անգամ վաղը: Երկրաշարժը` ձեզ օրինակ:
ՀՈւՅՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ
Երկու տարի առաջ գերագույն գլխավոր ՍԵՎԱԳՐԻ կապակցությամբ շրջանառության մեջ դրեցի մի բնութագրիչ`հույսի վաճառական` նկատի ունենալով, որ 2018-ին սույն մակաբույծը հանրապետության հրապարակի կենտրոնում բոլորին լավ ապրելու , երջանիկ լինելու, արդարության ու էլի շատ բաների հույս էր վաճառում: Ու ճակատագրի հեգնանքով նա դարձավ հայ ժողովրդի բոլոր երազանքների ու հույսերի գերեզմանափորը: Նա բառի բուն իմաստով թաղեց 5000-ից ավելի գարուն, ավիրեց այն ամենը, ինչին դիպավ: Արդյունքում մնացին կենացային մակարդակի հիմարություն-մաղթանքներ` աշխարհի չեմպիոն ֆուտբոլի հավաքականից մինչև օլիմպիադա ու 5 միլիոն բնակչություն: Ինքն էլ դարձավ բեմադրիչ ռեժիսոր` ամեն մարզում բերովի մարդիկ շարելով ու թավիշին վերջ տալու մասին թերհաս մտքեր շաղ տալով:
ՎԱՐՉԱՊԵՏԸ
Եվ այս համատարած քաոսի ու աղմուկի մեջ օդում թևածում է մեկ հարց` ով է լինելու հաջորդ վարչապետը: Ինչ է անելու, ինչպես է անելու: Բացի շաաատ նեղմիտ նիկոլականներից ու նիկոլից, ( թերևս անգամ նիկոլը) բոլորը գիտեն, որ Հայաստանը վարչապետ չունի, Հայաստանի վիճակը վատ է, Հայաստանը պետք է փրկել:
Եվ կրկին….. բոլորն էլի փրկչի որոնումների մեջ են: Մեկը կարող է, մյուսը` ոչ: Մեկը լավն է, մյուսը` ոչ: Մեկին սիրում ենք` մյուսին` ոչ:
Ու մեր ՉՓՐԿՎԵԼՈՒ «գրավականը» հենց այս մտքերն են: Փրկիչ չի լինելու: Փրկիչներ չկան: Որպիսի Հայաստանը դեռ ապրի, պետք է հարմարվել այն մտքին, որ հաջորդ իշխանությանը ու նրա ղեկավարին մեծ հավանականությամբ չեք սիրելու: Վստահաբար` չեք հասկանալու: Ասեմ ավելին` իրեն ձեր սերը պետք չի լինելու: Նույնքան վստահությամբ ասեմ` իրեն ձեր ըմբռնումը շատ է պետք լինելու: Ինքը կապիկություններ չի անելու, «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» տհաս շոուներ չի անելու, որ իրեն սիրեք: Ինքը կայացնելու է ծանրագույն որոշումներ, շատ դեպքերում` ի հակառակ ձեր կամքի: Այդ որոշումները կայացնելիս էլ «սիլիբիլի» չպիտի անի տարբեր քաղաքական ուժերի հետ, ինչպես ստանդարտ պայմաններում: Հանուն ազգի` ընդդեմ ժողովրդի: Հանուն պետության: Այն պետության, որ հիմա էլ չկա, ու նրա, որի մնացորդները ուզում եք լինի: Եթե իհարկե ուզում եք: Պարգևավճարներ չեք ստանալու, ճոխ ծախսեր չեն լինելու, կրճատումներ լինելու են: Այս ամենը նրա համար, որ աշխատավարձ ու թոշակ երաշխավորված ստանաք, երկրի ներսում գերի չընկնեք GPS-ով թուրքին հող չտաք, ձեռքներդ «երկու կոպեկ» փող լինի և այլն և այլն: Սա թավշյա մարդասպանի «նվերն» է իր հաջորդին: Կամ ռացիոնալ ու նաև իռացիոնալ կերպով վստահելու եք հաջորդին ու սպասեք կայունացման, հույսի ծագման, կամ էլ…. Կամ չկա: ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ:
Դե, իսկ հիմա փորձեք գտնել նրան, ով կարող է փորձել փրկել այս ավերակները, հաստատ իմանալով, որ իրեն ոչ միայն շնորհակալ չեն լինելու, այլև չեն սիրելու ու չեն հասկանալու: Գտեք այդ մարդու մոտիվացիան` դառնալու մահապարտ:
Իսկ մինչ այդ` վերջապես սովորեք դաստիարակել ձեր մեջ քաղաքացի, ով ոչ միայն պահանջատեր է իր իրավունքների նկատմամբ, այլև կրում է բեռ պետության համար ու հասկանում է պետություն ունենալու գինը: Չափազանց ծանր գինը:
Հ.Գ. Ու Եթե ձեր մտքին միևնույն է ձեր քաղաքական թիմակցից բացի, ուրիշ ոչ ոքի անուն չի գալիս, ուրեմն մենք այդպես էլ ոչինչ չենք հասկացել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/5747263435299480