Հայկական Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը կիսվել է Krisp-ի 9 միլիոն դոլար նոր ներդրման լուրով։ Ընդհանուր ներդրման չափն արդեն 17.5 միլիոն դոլար է։
«Հատկապես հպարտ եմ, քանի որ այս գործարքը պայմանավորվել ենք 44-օրյա պատերազմի դժվար օրերին։
Krisp-ի թիմին այնքան են վստահում, որ նույնիսկ պատերազմի օրերին մի պահ կասկածի տակ չդրվեց մեր ընկերության պոտենցիալը։ Ցանկանում եմ, որ հենց այսպիսին լինի հայկական բրենդի ընկալումն աշխարհով մեկ»,- գրում է Դավիթ Բաղդասարյանը։
Ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը նշում է, որ այս հաջողությունն իրենց մեծ թիմի տարիների աշխատանքի արդյունք է.
«Հաստատուն քայլերով գնում ենք մեկ միլիարդանոց ընկերությանն ընդառաջ»։
Krisp-ը գործում է Deep Neural Networks ցանցի միջոցով և հեռացնում է զանգի՝ ձեր կողմից առաջացած ֆոնային աղմուկը։
Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա հիմնված տեխնոլոգիան հեռացնում է աղմուկը խոսակցության ընթացքում։
«Մեր մոտեցման հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք հիմնվում ենք ոչ թե աղմուկի կամ սարքավորման առանձնահատկությունների, այլ հենց մարդու ձայնի վրա։ Այդ իսկ պատճարով մեր ալգորիթմներն անկախ են թե՛ սարքավորումից, և թե՛ աղմուկից»,- 168․am-ի հետ զրույցում նշել էր ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Արտավազդ Մինասյանը տեղեկացնում է նաև, որ Krisp-ը թողարկել է իր նոր վեբ կայքը, որտեղ համատեղել են գեղեցիկ իլյուստրացիաները, նորաոճ դիզայնը և սուպեր արագությունը։
«Բայց ավելին ոգևորված ենք նոր տեխնոլոգիաների թողարկումով՝
HD ձայնի որակով աղմուկի հեռացում՝ սա հատկապես կարևոր է podcast-ների և վիդեոների վրա աշխատող օգտագործողների համար։
Սենյակի արձագանքի հեռացում՝ երբ զանգ եք կատարում դատարկ սենյակից, այս տեխնոլոգիան ուղղակի փրկություն է։
Ակուստիկ արձագանքի հեռացում՝այլևս ստիպված չեք լինի մի քանի անգամ լսել նույն ձայնի կրկնությունը։
Էներգախնայող ռեժիմ՝ սա հատկապես կարևոր է թույլ համակարգիչներ ունեցողների համար։
Ընդամենը երկու ամիս առաջ, Կրիսպը երկու ֆունկցիոնալ ուներ, այժմ արդեն՝ 6»։
Forbes-ը համակարգը որակել է՝ որպես աշխարհի լավագույն նորարարական տեխնոլոգիա, որն աշխատում է Deep Neural Network-ով։
«Նրանք խոստանում են, որ ձեր հեռախոսազանգերից որևէ մեկը չի պահպանվելու կամ ուղարկվելու․ ամեն ինչ մշակվում է ձեր սարքի վրա»,- նշված է ամսագրում։ Forbes-ը ընկերությունը ներառել էր նաև աշխարհի լավագույն 5-յակում՝ որպես հեռահար աշխատանքի լավագույն հավելվածներից մեկը։
Տեխնոլոգիայի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ 168.am-ի անդրադարձում։
Սիրարփի Աղաբաբյան