Որոշ հիվանդությունների մասին դուք, ամենայն հավանականությամբ, կյանքում երբեք չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Բայց կան հիվանդություններ, որոնց յուրաքանչյուրը կարող է բախվել, եւ չի կարելի չիմանալ դրանց մասին:
NEWS.am Medicine-ի այս բաժնում ներկայացված են այնպիսի հիվանդություններ, որոնց մասին բոլորը պետք է իմանան, որպեսզի պատկերացում ունենան, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել դրանցից եւ ինչ անել, եթե դուք, այնուամենայնիվ, հիվանդացել եք։
Այսօրվա թեման փսորիազն է:
Փորձենք պարզել, թե ինչ է այսօր հայտնի այս հիվանդության մասին:
Ի՞նչ է փսորիազը
Փսորիազը քրոնիկ, ոչ վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում մաշկն է ախտահարում: Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ սովորաբար գոյանում են կարմիր, շատ չոր բծեր, որոնք կոչվում են պապուլաներ: Երբեմն դրանք միաձուլվում են միմյանց հետ՝ առաջացնելով ավելի խոշոր բծեր: Այս բծերը հայտնվում են մաշկի լիմֆոցիտների, մակրոֆագների եւ կերատինոցիտների չափազանց մեծ տարածման, ինչպես նաեւ ավելորդ անգիոգենեզի (նոր փոքր մազանոթների ձեւավորման) արդյունքում:
Պատճառները
Փսորիազի զարգացման պատճառը եւ մեխանիզմները դեռ լիովին հասկանալի չեն: Շատ փորձագետներ վստահ են, որ սա աուտոիմունային հիվանդություն է: Բայց կան նաեւ այս հիվանդության վիրուսային ծագման վերաբերյալ տեսություններ: Քանի որ փսորիազը հաճախ ուղեկցվում է սնկային եւ ստաֆիլոկոկային վարակներով, որոշ մասնագետներ կարծում են, որ այդ վարակները կարող են խթանել փսորիազի զարգացումը: Բայց այլ գիտնականներ պնդում են, որ այդ վարակները կարող են լինել հիվանդության հետեւանք, այլ ոչ թե դրա պատճառ:
Համարվում է նաեւ, որ փսորիազի զարգացմանը կարող են նպաստել նյարդաբանական պատճառները, հորմոնալ խանգարումները, մաշկի վնասվածքները, արեւի այրվածքները, սթրեսը, նյութափոխանակության խանգարումները եւ այլ պատճառներ: Համարվում է նաեւ, որ ավելորդ քաշ եւ շաքարախտ ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում փսորիազի, քան նորմալ քաշ ունեցող եւ շաքարախտ չունեցող իրենց հասակակիցները:
Այսպես թե այնպես, անկախ փսորիազի զարգացման մեխանիզմից, պետք է հիշել, որ այն վարակիչ հիվանդություն չէ: Հետեւաբար, պետք չէ վախենալ դիպչել փսորիազով հիվանդ պացիենտներին: Ավելին, դեռ հաստատ հայտնի չէ` փոխանցվում է արդյոք փսորիազը ժառանգաբար: Ենթադրվում է, որ եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ ունեն փսորիազ, ապա երեխայի մոտ այս հիվանդության զարգացման ռիսկը նույնպես մեծանում է (համապատասխանաբար 25 եւ 60 տոկոսով), բայց շատ մասնագետներ այն դեռ չեն համարում ժառանգական հիվանդություն:
Ռիսկի գործոնները
Քանի որ փսորիազի առաջացման մեխանիզմները դեռ բավականաչափ հասկանալի չեն, ռիսկի գործոնների մասին խոսելը բավական դժվար է: Բայց այսօր նման գործոններ են համարվում ժառանգականությունը, ալկոհոլի օգտագործումը (որոշ ուսումնասիրությունների համաձայն, գլխի եւ մարմնի այլ մասերի վրա փսորիազը 5 անգամ ավելի արագ է հայտնվում ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ): Ռիսկի գործոնները ներառում են նաեւ ծխելը, ճարպակալումը եւ հաճախակի սթրեսը: Որոշակի դեղամիջոցների ընդունումը նույնպես գործոն է: Դրանց թվին են պատկանում, օրինակ, հակաբորբոքային ինդոմետացինը, լիթիումը, հիպերտոնիայի բուժման դեղամիջոցները (պրոպրանոլոլ, խինիդին):
Բարդությունները
Փսորիազը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլ լուրջ հիվանդություն, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ հաշմանդամության հանգեցնել:
Համարվում է, որ ծանր փսորիազ ունեցող շատ մարդիկ ավելի հաճախ են վաղաժամ մահանում, քան նրանք, ովքեր չունեն փսորիազ: Համարվում է նաեւ, որ փսորիազի առկայությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի եւ քաղցկեղի որոշ տեսակների, ինչպես նաեւ հոդերի արթրիտի զարգացման հավանականությունը: Սակայն այս կապի մեխանիզմները դեռ ամբողջովին ուսումնասիրված չեն:
Բուժումը
Այսօր ամենուրեք կարելի է տեսնել փսորիազի բուժման զանազան հրաշագործ մեթոդների գովազդներ, բայց ճշմարտությունն այն է, որ այս հիվանդությունը չի բուժվում:
Բուժման միջոցով այսօր կարելի է վերահսկողության տակ պահել հիվանդությունը՝ շատ կլինիկական փորձարկումներում իրենց արդյունավետությունն ապացուցած դեղերամիջոցներ օգտագործելով՝ հիվանդների մեծամասնությանը հաջողվում է հասնել երկարատեւ ռեմիսիայի, որի ընթացքում հիվանդությունը չի արտահայտվում եւ անհանգստություն չի պատճառում:
Բժիշկներն, իհարկե, չեն բացառում, որ ապագայում, երբ գիտությունը հասկանա փսորիազի պատճառները, հնարավոր կլինի մշակել այնպիսի դեղամիջոց, որը մարդկանց ընդմիշտ կազատի այս հիվանդությունից: Բայց մինչ այժմ այդպիսի դեղամիջոց չկա, եւ գումար ու ռեսուրսներ վատնել չապացուցված «հրաշագործ» մեթոդների վրա, այնքան էլ լավ գաղափար չէ:
Վերջաբանի փոխարեն
Փսորիազը քրոնիկ հիվանդություն է, որը վարակիչ չէ եւ վտանգ չի ներկայացնում շրջապատի համար: Փսորիազը բուժել հնարավոր չէ, բայց գրագետ բուժումը կարող է բարձրացնել պացիենտի կյանքի որակը եւ կանխել բարդություններն ու անցանկալի խնդիրները: