Սկզբում բնակվում էր աշխատավայրում, ապա մեկնել է Մալդիվներ՝ հանգստանալու. hraparak.am
Advertisement 1000 x 90

Սկզբում բնակվում էր աշխատավայրում, ապա մեկնել է Մալդիվներ՝ հանգստանալու. hraparak.am

Փետրվարի 10-ին մենք հրապարակում ունեինք՝ «Տաթեւիկ Ռեվազյանի ամուսնու «արկածները» ՔԱԿ-ում»։ Նկարագրել էինք, թե ինչպես ոչնչացրեց հայաստանյան քաղավիացիան Կոպենհագենից Հայաստան հրավիրված երիտասարդ կինը, որի միակ ձեռքբերումը  բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ Հայաստան բերելն էր․ «Ռենէյրը», որը քովիդի շրջանում հեռացավ Հայաստանից, փոխարենը հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սեւ ցուցակում եւ զրկվեցին Եվրոպա եւ այլուր թռչելու իրավունքից։ Սակայն Տաթեւիկ Ռեւազյանի անձնական կյանքը հաջողակ էր՝ նա հղիացավ, մեկնեց հարազատ Դանիա, այնտեղ երեխա ունեցավ, եւ թվում էր, թե այլեւս չի վերադառնա Հայաստան, սակայն վերադարձավ ու շարունակում է պաշտոնավարել։ Ավելին՝ ընտանյոք հանդերձ, նրանք բնակվում էին հենց կոմիտեի շենքում։

Գրել էինք․ «Մեր տեղեկություններով, ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահի անունից բանակցություններ էր վարում ավիաչվերթներ, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, ճշգրտում, շտկում եւ որոշ դեպքերում անգամ ցուցումներ տալիս ավիաընկերություններին: Մոտ մեկ ամիս, եթե ոչ ավելի, պետական պաշտոնյայի՝ Տաթեւիկ Ռեւազյանի աշխատավայրը դարձել էր ընտանիքի համար կեցավայր: Տաթեւիկն ամուսնու եւ երեխայի հետ, էլ չենք ասում երեխայի դայակի մասին, քնում եւ արթնանում էին աշխատավայրում․․․ այս փաստը, մեղմ ասած, զարմանք էր առաջացրել աշխատակիցների մոտ, իսկ Տաթեւիկի ամուսնու պահվածքը տարօրինակ էր թվացել չվերթներ իրականացնող ավիաընկերությունների անձնակազմերին»:

Քաղավիացիայի կոմիտեից մեզ չէր հաջողվել պարզաբանում ստանալ, մեզ ասել էին, որ տիկին Ռեւազյանն արձակուրդ է վերցրել եւ կրկին լքել երկիրը։ Երեկ տեղեկացանք, որ մինչ հայկական օդանավ են առեւանգում եւ հայտնի չէ դրա ճակատագիրը, նրանց ընտանիքը Մալդիվյան կղզիներում է հանգստանում։

«Իրավունք» թերթը դեռևս երկու շաբաթ առաջ գրավոր հարցում է ուղարկել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ պարզաբանումներ խնդրե­լով «Հրապարակի» տպագրած լուրի հետ կապված: Հարցրել են․ «Հարգելի տիկին Ռևազյան, մամուլում անդրադարձ եղավ. «Քաղավիացիայի կոմիտեի նա­խագահը՝ ընտանյոք հանդերձ, բնակվում է հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկու­թյուններով՝  ամուսինը շրջում էր քաղավի­ացիայի վարչական տարածքում, ելու­մուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ»: Ինչին ի պատասխան մոտ 2 շաբաթից ստացել են հետեւյալ պարզաբանումը․

«․․․ՀՀ կառավարության 2020 թվակա­նի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հան­րապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշմամբ ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի սեպ­տեմբերի 27-ից հայտարարվել է ռազմա­կան դրություն: Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետով Քաղա­քացիական ավիացիայի կոմիտեն իրեն վերապահված լիազո­րություններն իրականացրել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Կոմի­տեում սահմանված էր շուրջօրյա աշխա­տանքային ռեժիմ, ինչը ենթադրում էր մի շարք աշխատողների քսանչորսժամյա ներկայություն Կոմիտեում: Կոմիտեի աշ­խատանքային գործընթացը համակարգ­վել և կազմակերպվել է Կոմիտեի նախա­գահ Տաթևիկ Ռևազյանի անմիջական հսկողությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի նախագահը ռազմական դրու­թյան ժամանակ գրեթե միշտ գտնվել է աշ­խատավայրում, օպերատիվ որոշումների կայացման անհրաժեշտությունից ելնե­լով, ինչպես նաև այն, որ նրա նորածին երեխային անհրաժեշտ էր մայրական խնամք, ինչը սահմանված է նաև ՀՀ աշ­խատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, վերջինիս հարազատները նրան աջակցելու նպատա­կով երբեմն այցելել են Կոմիտեի վարչա­կան շենք: Կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց մուտքը վերահսկելի գոտիներ իրականացվել է բացառապես Կոմիտեի նախագահի գիտությամբ և թույլտվու­թյամբ ավիացիոն անվտանգության պա­հանջների համաձայն»:

Այսպիսով, Ռևազյանը հաստատել է մեր լուրը, որ տեւական ժամանակ, ընտանյոք հանդերձ բնակվել են հենց աշխատավայրում, ինչն էլ աշխատակազմի մոտ տարակուսանքի տեղիք էր տվել:

hraparak.am