Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է այս լուրերին՝ գրելով. «Ժող, ես արձակուրդ եմ։ Որ գործից դուրս գամ, կգրեմ»։
Այս խոսակցությունների հիմքը թերևս Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում դերասան Սերգեյ Դանիելյանի հյուրընկալությունն էր, որի ընթացքում խոսվում էր Դանիելյանի նախաձեռնած «Քաղաքացիակամ ակտիվ քայլ» կուսակցության մասին: Հիշեցնենք, որ այդ հաղորդումը ավելի ուշ հեռացվեց հեռուստաընկերության յութուբյան ալիքից և մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հեռուստաընկերությունում զայրացած են Պետրոս Ղազարյանի վրա և արդեն նրան փոխարինող են գտել (Հ1-ից հեռացած հաղորդավար Նվեր Մնացականյանը):
Հեռուստաընկերության ղեկավարությունից մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվում: Պետրոս Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե «Ուրվագիծ» հաղորդմանը Դանիելյանին հյուրընկալելու հետ ի՞նչ կապ ունի իր արձակուրդը:
– Ես էդ թեմայով ինչ ունեմ ասելու, գրել եմ, ավելին որ ունենամ՝ կասեմ:
– Պարոն Ղազարյան, իմ հարցին կպատասխանե՞ք:
– Դա էլ է պատասխան. ինչ ունեմ ասելու, գրել եմ:
– Սերգեյ Դանիելյանի հյուրընկալությամբ հաղորդումը հեռացրին յութուբից, հետո գնացիք արձակուրդ. զուգադիպությո՞ւն է սա:
– Ես յութուբից հեռացնելու հետ ոչ մի կապ չունեմ:
– Հասկանալի է, իսկ հեռուստաընկերության ղեկավարությունն ի՞նչ խնդիր է գտել այդ հաղորդման մեջ, ի՞նչն է սխալ համարել:
– Դա հարցրեք նրան, ով ինչ-որ բան է համարել, ես ի՞նչ իմանամ:
– Ձեզ հետ չե՞ն զրուցել այդ թեմայով:
– Այդ հարցով ինչ պետք է ասել, գրել եմ:
– Արձակուրդը ինչքա՞ն ժամանակով է:
– Տոներից հետո, էլի:
Ամբողջությամբ՝ armtimes.com