ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց կորոնավիրուսի համաճարակի իրավիճակի շուրջ մտահոգություն հայտնելով։
«Վերջին օրերին մենք թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ներկայում վիրուսի առկայութունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
«Եթե փետրվարի սկզբին մնք ունեինք թեստավորվածների մեջ 5-6 տոկոսի դրական դեպքեր, ապա այսօր արդեն` 16, և հաջորդ շաբաթ, մեր կանխատեսմամբ, այս թիվը կավելանա։ Ի՞նչ պիտի անենք։ Պիտի վերադառնանք դիմակների և կանխարգելիչ այլ խիստ միջոցառումների խիստ պահպանմանը»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը հորդորեց պատկան կառույցներին առաջիկա հանգստյան օրերին ու մարտի 8-ին խիստ վերահսկողություն իրականացնել հանրային վայրերում, հատկապես առևտրի կենտրոններում ու տրանսպորտում։
Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ այսօր քննարկում են կազմակերպելու` թիրախային վերահսկողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։