Վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը:
Նա ասաց, որ դատական նիստի ընթացքում ներկայացրել են իրենց փաստերը, դատախազները` իրենց առարկությունները, դատարանը որոշումը կհրապարակվի մարտի 5-ին ժամը 16:00-ին:
Փետրվարի 21-ին կալանավորված Արա Սաղաթելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար: Սաղաթելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: