Կեսօրից հետո Շիրակի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները բացել են վաղ առավոտից իրենց կողմից փակված Շիրակի մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ ընդմիջումից հետո կառույցն անցել է բնականոն աշխատանքի: Մուտքը բացելուց հետո գերիների ծնողները հեռացել են Շիրակի մարզպետարանից: Նրանք մեկ անգամ ևս շեշտել են, որ իրենց քայլերի մասին որևէ տեղեկատվություն տալ չեն ցանկանում այս պահին:
Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։
Հավելենք, որ հրադադարի հաստատումից ի վեր հայրենիք է վերադարձել 69 հայ գերի։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի է այս պահին գտնվում Ադրբեջանում։