Ներկայացնում ենք գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի Facebook-յան գրառումը.
«Տարիներ առաջ մի հոդված էի կարդում երջանկության մասին։ ԱՄՆ-ի, կներեք հիմա չեմ հիշում որ նահանգում, հարցում էին անցկացրել և պարզվել էր, որ այդտեղի մարդկանց համար երջանկությունն ուղղակիորեն կապված է ստի հետ։
Այո, մարդիկ ընդունել էին, որ սուտ խոստումների, հաճոյախոսությունների, չափազանցված գովերգումների մեջ են գտնում իրենց անձնական երջանկությունը։
Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից ու FB-ում դրա արձագանքներից հետո ինձ թվաց, որ հարցումը հենց այսօրվա Հայաստանում է կատարվել, և, հակառակը՝ մարդիկ, ճիշտ բան լսելիս, դժբախտությունից մեռնում են։
Ինչպես Տեր-Պետրոսյանի բոլոր նախորդ ելույթները, այս մեկը ևս քննարկման, ապա նաև քննադատության հրավեր էր։
Երջանկությունն էլ, դժբախտությունն էլ քննարկման հետ կապ չունեն, ուղիղ կապված են գնահատականի հետ։ Մեկն ասում է՝ ա՜խ, ինչ սիրուն ես, ինչ լավն ես, լսողը հաճույքից նվաղում է (չիք քննարկում)։ Մեկն էլ ասում է՝ ի՜նչ գեշ ես, հասցեատերը միանգամից հակադարձում է՝ գեշն էլ ես դու, էշն էլ (չիք քննարկում)։
Մի կարգին հարցում անցկացնող չկա՞ անքննարկում այս երկրում, որ պարզի՝ վերջը ո՞րն է մեր երջանկությունը։
(Ծաղրանկարի հեղինակն Արկադի Գուրսկին է)»: