Երևանի Դեմիրճյան փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ մուտքերը: Մի քանի քաղաքացիներ իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Փաշինյանն իր համադասարանցի ոստիկանապետին ամսական վճարում է 70 000 դոլար» գրությամբ, և ցանկանում էին դրանք փակցնել ոստիկանների վահանների վրա, սակայն ոստիկանները նրանց ձեռքից վերցրին պաստառները, ինչից հետո քաղաքացիները պաստառները փակցրին աղբամանների վրա:
«Ցանկանում էինք տեղեկացնել, որ իրենք ցրտին կանգնած են, իսկ ոստիկանապետը 70 000 դոլար գումար է ստանում և տաք սենյակում նստած է, բայց նրանց ձեռք է տալիս բավականին ագրեսիվ վերաբերմունք, ուժ են ցույց տալիս չգիտես ինչու»,- ասաց ցուցարարը:
Լրագրողների հարցին թե ձեզ որտեղից նման տեղեկությո՞ւն, քաղաքացին ասաց, որ ցանկալի է չնշել տեղեկության աղբյուրը, ապա ավելացրեց, որ եթե այն հավաստի չլիներ, չէին համարձակվի նման քայլ անել:
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ իրենց գործողությունների նպատակն այն է, որ ոստիկանները տեղյակ լինեն, որ իրենց տերերը դավաճանից շատ ավելի մեծ գումար են ստանում, քան իրենք, և ստիպում են, որպեսզի իրենք դուրս գան սեփական ժողովրդի դեմ: