Մարալը շոկային վիճակում է, դեռ չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը, ի վերջո 4 ամիս եղել է գերության մեջ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com_ի հետ զրույցում ասաց գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանի հարևանուհին՝ Անահիտ Թարխանյանը, հավելելով, որ գիշերը ծանր է եղել բոլորի համար:
Վերջինս նշեց, որ Մարալի արտաքին տեսքի փոփոխությունն ակնհայտ է. «Ահա նրա գերությունից առաջ և հետո արված լուսանկարը: Տարբերությունը ակնհայտ է, սակայն նա շարունակում է գեղեցիկ մնալ թե՛ արտաքնապես և թե՛ ներքուստ»,- նշեց Մարալի հարևանուհին:
Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ երբ Մարալի ընտանիքը նոր էր տեղափոխվել Բեյրութ, Մարալը իր փոքրիկ այգին վերածեց բիզնեսի տարածքի. «Նա այդ տարածքը օգտագործեց որպես գեղեցկության սրահ, որը շատ կարճ ժամանակում դարձավ շրջանի ամենահայտնի սրահներից մեկը: Քանի որ Լիբանանում շարունակվում էր ֆինանսական ճգնաժամը, հաճախորդների համար դժվար էր վճարել, և Մարալը հաճախ անվճար էր սպասարկում իր հաճախորդներին»,- ասաց Մարալի հարևանուհին, ընդգծելով, որ գեղեցկության սրահը վնասվել էր Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից, որից հետո Մարալը որոշել էր վերադառնալ Հայաստան. «Նա եկել էր ընդմիշտ Հայաստանում ապրելու համար, իսկ հետո պլաններ ուներ Հայաստան բերելու նաև իր չափահաս երեխաներին»,- ասաց Անահիտ Թարխանյանը:
Մարալի հարևանուհին ասաց, որ նա իրեն երբևէ հանդիպած ամենաքաղցր ու բարի մարդն է. «Նա շատ սիրված է հասարակության կողմից: Տղամարդիկ և կանայք գալով սրահ՝ ցանկանում էին, որ Մարալը իրենց սպասարկի: Բոլորը սիրում էին նրան և ափսոսում էին, որ նա որոշեց հաստատվել Հայաստանում: Ի տարբերություն սովորական վարսահարդարների՝ Մարալը բավականին լուռ և զուսպ էր, չէր զրուցում հաճախորդների հետ, բայց չափազանց հմուտ էր իր աշխատանքում»,- նշեց Անահիտ Թարխանյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում չորս ամիս գերությունից հետո լիբանանահայ Մարալ Նաջարյանը չորեքշաբթի ազատ է արձակվել:
Մարալը Բեյրութի պայթյունից հետո Հայաստան էր վերադարձել՝ խաղաղ կյանքի հետևից, սակայն Արցախի կառավարությունը Մարալ Նաջարյանի և ընտանիքի բարեկամ Վիգեն Էուլջեքյանի համար տուն էր նախապատրաստել Բերձորում: Նրանք իրերի հետևից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, ու գերեվարվել էին։ Վիգեն Էուլջեքյանը, ով նոյեմբերի 10-ին Մարալի հետ մեկնել էր Երևանից Արցախ, շարունակում է մնալ գերության մեջ՝ Բաքվում: