Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 16 ավտոմեքենաներ. կան վիրավորներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 16 ավտոմեքենաներ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մարտի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 16 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի ավագ տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Վարդան Վարյանը։ Տեղում աշխատում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը։

Հետաքննիչների կողմից վթարի փաստի նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, ու եթե ճանապարհը սպասարկող Ճանշինը ժամանակին կատարեր աղ ու ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա մերկասառույց չէր լինի։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com