ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզում ռազմական ոստիկանության աշխատակցի կողմից հնչած կրակոցների դեպքից: Մասնավորապես, Ռազմական ոստիկանության աշխատակից Է.Հունանյանը իրավապահներին հայտնել է, որ կրակոցները արձակել է մեկ պատճառով. տհաճ խոսակցություն է ունեցել ռեստորանի հաճախորդներից մեկի հետ եւ իր զայրույթը արտահատել է անկանոն կրակելով նրանց ուղղությամբ:
Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հարց են ուղղել Է.Հունանյանին, թե որտեղից նրան ինքնաձիգն ու փամփուշտները, նա պատասխանել է, թե ինքնաձիգն ու փամփուշտները գտել է: Ասել է թե՝ ռազմական ոստիկանության կապիտան Հունանյանի մոտ եղած զենքը ապօրինի է եղել:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ երեկ՝ մարտի 12-ին, հերթական կրակոցներն են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Հին Թաղեր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։55ի սահմաններում նշված ռեստորանում հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 1 հոգի իր մոտ եղած ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։
Քննչական խումբը պարզել է, որ «յաշիկը» եղել է 41 PR 004 համարանիշի, որից հետո հայտնաբերվել է «յաշիկը» ու քննչական գործողությունների արդյունքում, որը տևել է մի քանի ժամ, հաջողվել է հասնել նրան, որ Է. Հունանյանը ներկայացրել է ինքնաձիգն ու 2 փամփուշտատուփ։
Փամփուշտատուփերի մեջ եղել են մեծ թվով փամփուշտներ։