Հայաստանում առաջին աթեիստական կազմակերպությունը ստեղծվել է 1927 թվականին՝ «Անաստված» անվամբ, որից մեկ տարի հետո էլ ստեղծվեց համանուն ամսագիրը։ «Անաստված»-ը 1928-1933 թվականներին տպագրվում էր՝ որպես հանդես, իսկ 1933-35 թվականներին՝ որպես թերթ։ Ամսագրի կարգախոսն էր՝ «Կրոնի դեմ պայքարը պայքար է սոցիալիզմի համար»։ Ամսագրի անդրանիկ համարը սկսվում էր Լենինի հայտնի խոսքերով․
«Ներկայումս թե Եվրոպայում, և թե Ռուսաստանում Աստծո գաղափարի ամեն մի, անգամ ամենանուրբ, անգամ ամենաբարյացակամ պաշտպանությունը կամ արդարացումը համազոր է ռեակցիայի արդարացմանը»։
Մի՞թե կարելի էր չլսել ու չենթարկվել Լենինի գաղափարախոսությանը։ Ավելորդ է խոսել նաև Ստալինի մասին։ Սկզբնական շրջանում «Անաստված» հանդեսը տպագրվում էր քիչ տպաքանակով, սակայն ժամանակի ընթացքում տպաքանակը մեծանում է, ու այն սկսում է բաժանվել դպրոցներում, կուլտուրայի տներում։ Թերթի ազդեցությունն այնքան է մեծանում, որ դպրոցներում աշակերտները ոգևորվում ու առաջարկում են բացել «Անաստված» խմբակներ ու միություններ։
Թերևս, այս ամենի մասին տեղեկանում ենք ամսագրի վերջին էջերից, որտեղ պարբերաբար տպագրվում էին խմբագրակազմին եկած նամակները։ Թերթի հրաշագործությունն այնքան է մեծանում, որ նամակներ են գրում նաև հոգևորականները, ովքեր նշում են թերթի գերբնական ուժի մասին, որի միջոցով իրենք դեն նետեցին իրենց հոգևորականի հագուստներն ու բահեր վերցնելով՝ անցան աշխատանքի։ Ամսագիրը կամաց-կամաց գրավում է ամբողջ Հայաստանը, կենտրոններ են բացվում երկրի գրեթե բոլոր մասերում, դպրոցներում եռում են խմբակների կատարած աշխատանքները, իսկ եկեղեցիների դռների դիմաց գոյանում է մտափոխված հոգևորականների զգեստների խուրձը։ «Անաստվածը» թևակոխում է պայքարի նոր փուլ։ Ամսագրի շապիկներին հայտնվում է հրեղեն լոզունգը․ «Ոչ մի Անաստված, առանց Անաստվածի»։
Աթեիզմի տարածումն արվում էր գիտական հոդվածների, աթեիստ փիլիսոփաների աշխատությունների, գրականության ու արվեստի միջոցով։ Ամսագրում իր ուրույն տեղն ունեին նաև ծաղրանկարները։ Ծաղրանկարներում քրիստոնյաները, դաշնակցականներն ու ֆաշիստները դրված էին մեկ հարթության վրա։
Շատ ժամանակ ֆաշիստներն ավելի մեղմ սարկազմի էին ենթարկվում, քան քրիստոնյա հայերը։ Ծաղրից չէին կարողացել խուսափել անգամ Վենետիկի Մխիթարյան Միաբանության հայրերը։ Նկարներում նրանք բոլորը լցվում էին աղբատար սայլակի մեջ ու պատրաստվում էին նետվել վառվող կրակի մեջ։ Այդ ամենին բարձունքից հետևում էր Անաստվածի հզոր ու ամենակարող ձեռքը։ Ամսագրի նորություններում հասարակությանը տեղեկացնում էին ԽՍՀՄ տարբեր ծայրերում իրականացվող «Անաստված» խմբակների աշխատանքների մասին։ Սրբապղծություն վերնագրված նյութերի տակ կարելի էր հանդիպել Ամերիկայում ու Եվրոպայում դատապարտված այն մարդկանց մասին, ովքեր հայհոյել էին Աստծուն։
Հրապարակվում էին հոդվածներ Եվրոպայի կուսանոցներում տեղի ունեցած սեքսուալ բնույթի բռնությունների ու մանկապիղծ հոգևորականների կատարած քաջագործությունների մասին։ «Անաստվածը» խիստ դատապարտում էր այդպիսի արարքները։ Հանդեսում առանձնացված էր բաժին կարճ հումորային պատմությունների համար, որի թիրախում հիմնականում Քրիստոսն էր ու Հռոմի պապը։
Ծանոթանալով ամսագրի հոդվածներին՝ հասկանում ես, որ եկեղեցին ու քրիստոնեությունը համարվում էին Սովետական Միության ամենամեծ թշնամիները։ Սովետական սահմանադրությամբ աշխատավորներ պետք է լինեին բոլորը, սակայն հոգևորականները չէին աշխատում ու փոխարենը՝ պետության կողմից ստանում էին նաև գումար։ Այդ ամենը չհանդուրժվեց պետության կողմից ու որոշվեց արմատախիլ անել այդ թունավոր ու չաշխատավոր մասսային։
Դրա հետ մեկտեղ՝ արգելվեցին տոնել քրիստոնեական տոները, քանի որ այդ ընթացքում հոգևորականները հարստանում էին, իսկ ժողովուրդը մատնված էր որկրամոլության ու անաշխատունակության։ Անաստվածը քարոզում էր տոնել այն տոները, որոնք ստեղծվել են հենց սոցիալիստ ժողովրդի կողմից ու ջանքերով։
Թերթելով «Անաստված»-ի էջերը՝ տեսնում ենք, որ Քրիստոսն ու Աստվածաշունչը հեքիաթներ են, որոնք այսքան դարեր բթացրել են մարդկանց, տեղեկանում ենք, որ մարդկանց նախնիները եղել են մարդու ու կապիկի նմանությամբ կենդանիներ։ Խմբագրակազմի կուռքն էր համարվում գիտնական Չարլզ Դարվինը, ու ամեն համարի համար ջանք չէին խնայում, որ հասարակությունը տեղեկանար դարվինիզմի մասին։ Հոդվածներում մանրամասն ներկայացվում էր քրիստոնեությունը՝ որպես կեղծ ու շինծու կրոն։
Ներկայացնում էին, թե անտիկ շրջանում ու դրանից առաջ ինչ աստվածներ կամ աստվածություններ են եղել, որոնք նման են եղել Քրիստոսին ու նրա պատմությանը։ Գյուղերից գալիս էին նամակներ ու խնդրանքներ, որ փակեն իրենց եկեղեցին ու այնտեղ բացեն կուլտուրայի համար նախատեսված դահլիճ, որտեղ հասարակությունը կվայելի Անաստված թատրոնի ներկայացումներն ու ամսագրի շուրջ քննարկումները։ Գյուղերի եկեղեցիները դարձան Կուլտուրական վայրեր, իսկ հոգևորականները՝ կուլտուրական տղաներ։ Անաստվածները բացասական էին արտահայտվում կանանց հասցեին: Նրանք մտածում էին, որ տղամարդիկ շուտ կհասկանան ու կմտնեն իրենց շարքերը, սակայն կանայք փոքր-ինչ խնդիրներ ունեին հասկացողության հետ, բացի այդ էլ, դժվար է նրանց հեռու պահել քրիստոնեական ցոփ ու շվայտ տոներից։
Ամսագիրը շարունակում էր իր հաղթարշավը։ Շուտով շապիկին հայտնվեց նոր հայտարարություն։ «Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ մեր տպաքանակն արդեն հասել է 10 հազարի»։ Այդ շրջանում Հայաստանում կար մոտ 40 հազար աթեիստ։ 1934-35 թվականների համարներում նկատվում էր ցինիզմի պակաս ու մոտիվացիայի կորուստ։ Թերթում բացակայում էին ծաղրանկարներն ու գրական ստեղծագործությունների թիվը նվազել էր։
Հիմնականում ներկայացվում էր կազմակերպության գործունեությունը, աշխարհում կատարվող գիտական ու տեխնիկական նորություններն ու Սովետական Միության արտաքին քաղաքականությունը։ Թերթը գնալով սպառում էր իրեն։ Այդ թվականներին Ստալինի հրամանով Հայաստանում անցկացվում են հարցումներ՝ համոզվելու համար, թե որքանով է իրեն արդարացնում կազմակերպության ու թերթի գործունեությունը։ Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այդ ժամանակ Հայաստանի բնակչության 70 տոկոսը աթեիստ չէր։ 1937 թվականին կտրվում է հայ մտավորականության պորտալարը, իսկ 1939-ին սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Սովետական իշխանությունը տեսնում է, որ ժողովրդին պետք է նախապատրաստել պատերազմին ու ստեղծել համախմբում։ Ուստի բացվում են եկեղեցիների դռները, խուցերից դուրս են գալիս հոգևորականները, որ կազմակերպեն ժողովրդի համախմբում։ Այդ պահին օրհասական խնդիրը պատերազմն էր։ Իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին արդեն անիմաստ են դառնում «Անաստված»-ի ժողովները, քանի որ այդ ժամանակ կրոնական աներևույթ ուժի փոխարեն՝ Սովետական Միության դիմաց կանգնել էր իտլերյան պայքարող բռունցքը, որին հաղթահարելու համար հարկավոր էր ոչ թե աթեիստական գաղափարախոսության ներարկում, այլ կռվելու ու հաղթելու ոգի։
Շարունակությունը՝ հետագա համարներում։
ԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ