
Զենքի վաճառքով զբաղվող «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Գալստյանը պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել եւ զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել:
Հայցը մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:
Հայցի պատճառն այն է, որ «Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 7-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել, մասնավորապես այն, թե Գալստյանը հանդիսանում է պաշտպանության նախարարի խորհրդական։
Հայցվոր կողմը պահանջում է 1 միլիոն դրամի չափով փոխհատուցում։
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը փետրվարի 2-ից կալանավորված է։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննվող քրեական գործով Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար: