Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ փրկարար ջոկատի պետ Ալբերտ Մարտիրոսյանի և ջրասուզակ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը և Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։ Ջրասուզակը լճից դին դուրս բերեց հատուկ ճոպանի միջոցով, և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի ոստիկանության բաժինների պետերի ժամանումը կապված է այն հանգամանքի հետ, որ հնարավոր է՝ տղամարդուն սպանել, ապա նետել են գետը, և այն քշել-բերել է լիճը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: