«Սպայկան» Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարություններին անհատույց տրամադրել է սառնարան-կիսակցորդներ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը՝ պարզաբանելով մամուլում տարածվող տեղեկությունները, թե ««Սպայկայի» սառնարաններում դիակներ են պահվում»։
«Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են 2 միավոր սառնարանային կիսացկորդ, 8X8 եզակի հատուկ տեխնիկա և 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար: Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին` վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 9-ը անհատույց կերպով սեփական միջոցներով իրականացրել են բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի Ստեփանակերտ և Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ` հասցնելով ավելի քան 10 հազար տոննա բեռ:
««Սպայկա» ընկերության կողմից ռազմաճակատ է ուղարկվել նաև սեփական միջոցներով ձեռք բերված հումանիտար օգնություն՝ շուրջ 185 տոննա սնունդ, 45 տոննա դեղորայք, «ՈւԱԶ» մանկիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև ընկերության կողմից նախագծված և պատրաստված 17 միավոր հատուկ տեխնիկական միջոցներ»,- տեղեկացնում են ընկերությունից և հավելում, որ տրամադրված նյութական աջակցության չափը գերազանցում է 2 միլիարդ ՀՀ դրամը:
Ընդգծվում է, որ յուրաքանչյուր բեռնափոխադրում վարորդների համար եղել է կյանքի ու մահվան կռիվ, ինչի համար երախտագիտություն են հայտնում նրանցից յուրաքանչյուրին:
Պատերազմի ընթացքում զոհվել են ընկերության չորս աշխատակիցներ, որոնցից երկուսը՝ վարորդ: