Որոշումը ողջունելի էր եւ այնպիսին, ինչպիսին իրականում պետք է լիներ: Այսինքն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը իրանանում իրավական որոշակիության հետ կապված խնդիր ուներ եւ իրավացիորեն ճանաչվեց սահմանադրությանը հակասող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Ճիշտ է, ՍԴ-ում փոփոխությունները տեղի ունեցան, բայց, երբ փորձառու իրավաբանը նշանակվում է այդ պաշտոնին եւ նա համարում է, որ դա իրեն լավություն չի արվել, այլ ինքը արժանի է իր գործունեությամբ եւ գիտելիքներով այդ լիազորությունների ստանձմանը, նա ինքնաբավ է եւ կարող է իրականացնել սահմանադրական արդարադատություն: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը ցույց տվեց, որ կարող է այդպիսին լինել»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Սեյրան Օհանյանը հենց այդ հոդվածով է մեղադրվում այդ հոդվածով, պաշտպանն ասաց, որ Օհանյանը պետք է արդարացվի:
«Գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի, եւ բնականաբար Սեյրան Օհանյանը, ով միայն այդ հոդվածով է մեղադրվում, պետք է արդարացվի հանցակազմի բացակայության հիմքով: Հնարավոր է՝ միջնորդություն ներկայացվի, բայց անկախ ամեն ինչից՝ դատարանն է պարտավոր ինքն իր նախաձեռնությամբ կարճել: Ավելին՝ Դատախազությունն է պարտավոր անմիջապես մեղադրանքից հրաժարվել»,- ասաց նա հավելելով, որ իրենք այդ միջնորդությունը կներկայացնեն:
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց. «ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնումհրապարակման պահից»: