Զոհված զինծառայողների աճյունները տեղափոխող ավտոմեքենայի վրա քարերով հարձակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ լուրջ խնդիրներ կան խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժի հետ կապված։ Խոսելով անցած գիշեր գրանցված միջադեպից` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գորիս խոշորացված համայնքի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։ Նա տեղեկացրեց, որ ադրբեջանցիներն ավտոմեքենային քարերով խփել են Ստեփանակերտից Գորիս եկող ճանապարհի 4-5 կմ հատվածում։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։
«Մենք այդ մասին ահազանգում ենք, որպեսզի իրավասու մարմինները փորձեն քայլեր ձեռնարկել, որ քաղաքացիներն անվտանգ տեղաշարժվելու հնարավորություն ունենան»,–ասաց նա։
Յոլյանը նաև տեղեկացրեց, որ համայնքապետարանում հանդիպել են մեքենայի վարորդի հետ, ավտոմեքենայի վնասն արձանագրվել է, կփորձեն փոխհատուցել, որպեսզի հետագայում էլ կարողանա բնականոն ապահովել աշխատանքը դեպի Ստեփանակերտ։
«Վարորդը, բնական է, անհանգստություններ ունի, որովհետև երեկոյան ուշ ժամի է դեպքը տեղի ունեցել, ինքը մենակ է եղել ճանապարհին։ Բայց մեքենան վնասվելուց հետո անգամ չի կանգնել ճանապարհին, արագ քշել–եկել է»,–ասաց Յոլյանը` նշելով, որ վարորդն ասել է, որ սա առաջին դեպքը չէ, ճանապարհներին հատկապես ժեստերի միջոցով ադրբեջանցիները փորձում են իրենց բացասական, ագրեսիվ վերաբերմունքը ցույց տալ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am