Ոստիկանության աշխատակիցներն մարտի 29-ին պարզել են մարտի 27-ին Գյումրիում, Երևանյան խճուղում, թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանի սպանությունը կատարողի ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ.-ն, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։ Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։
Աղբյուրի տեղեկություններով՝ քննչական մարմինը պատրաստվում է դիմել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Դ. Վարդանյանի նկատմամբ:
Աղբյուրի տեղեկություններով Դավիթ Վ.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ հանցագործության պատճառը եղել է համացանցում իրար հետ նամակագրական կապ ունենալը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 27-ին, ժամը 15։30-ի սահմաններում Գյումրիում քաղաքացիները նկատել էին, որ Երևանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքում երիտասարդ տղայի դի կա։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքում՝ աստիճանների մոտ, հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 26-ամյա Գևորգ Դ-ի դին։