Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018–ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը:
«ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաև, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ», – նշված է Զոհրաբյանի գրառման մեջ։
Մարտի 10-ին Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ սկսում է Արմեն Սարգսյանի «վախերի բացահայտման գործընթացը»։ Զոհրաբյանը դիմել էր բրիտանական «Eurasia House International» ընկերությանը և տեղեկացել, որ Արմեն Սարգսյանը 30.05.2002–ից մինչև 09.06.2015–ը հանդիսացել է «Eurasia House International»-ի տնօրենը, այն դեպքում, երբ 2013-2018թթ.–ին գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ: Բրիտանական ընկերությունից նաև հայտնել էին, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը: