Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Հակոբ Արշակյանը 2018-ից հետո ՀՀ իշխանության այն քիչ պաշտոնյաներից է, ում նկատմամբ ամենասկզբում ունեցել եմ մեծ հարգանք՝ իր պարկեշտության համար։
Հետո՝ արդեն 2018-ի աշնանը հասկացա, որ տրանսպորտի և կապի փոխնախարար Հակոբ Արշակյանը ունակ չէ անգամ կիսատ-պռատ աշխատող և մարդկանց խաբող տուրիստական ուղևորափոխադրող ընկերություններին օրենքի դաշտ բերել։ Մարդկանց մինիվեններով ՌԴ տեղափոխող ընկերությունները հաճախ աչքի էին ընկնում մահաբեր վթարներով, որոնց հիմնական պատճառը մաշված մեքենաներն ու տեխստուգման բացակայությունն էր, չկար ապահովագրություն։
«Շանթ» հեռուստաընկերությունում աշխատելիս մեկ տարի պայքարեցի այդ խնդրի դեմ։ 2019-ի ամռանը նախարարի պաշտոնում Արշակյանը վերջապես խոստացավ, որ իրենք կհետևեն գործընթացին, թեպետ սայլը այդպես էլ տեղից չշարժվեց (https://www.shantnews.am/news/view/454877.html):
2019-ի ապրիլի 17-ին հերթական անգամ հարց բարձրացրի Հայաստանի ճանապարհների այն հատվածների վերաբերյալ, որոնք ձմռանը միշտ դժվարանցանելի կամ անանցանելի են դառնում: Ես շարունակում էի ներկայացնել խնդրի լուծման էժան և որակյալ տարբերակ, որը հաջողությամբ կիրառվում է արևմտյան երկրներում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանն ասաց, թե տեղյակ է իմ առաջարկի մասին և դա ընթացքի մեջ է (https://www.shantnews.am/news/view/345500.html)։ Ինչպես տեսնում ենք, որևէ հարց մինչև այսօր չի լուծվել։
2019-ի հոկտեմբերի 9-ին եթերում հյուրընկալելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին՝ հերթական անգամ հարց բարձրացրի Հայաստանի տեղեկատվական արբանյակի մասին՝ որպես մեր երկրի անվտանգային առաջնային կարևորություն։ Համաձայնեց և ասաց, որ ԱԽ նիստում քննարկվում է այդ հարցը (https://youtu.be/yODR2CqpnZk?t=432)։
Մոտ մեկ տարի անց՝ 2020-ին նույն Հակոբ Արշակյանին կրկին առաջարկեցի արագացնել տեղեկատվական արբանյակի ձեռքբերման կամ վարձակալության գործընթացը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը արագ կերպով պատրաստվում է պատերազմի, ինչը լինելու է 5-րդ սերնդի, ԱԹՍ-ների պատերազմ։ Այդ պարագայում մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է արբանյակը։ Նախ առանձին, ապա՝ 2020թ․ օգոստոսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Արշակյանը ինքնագոհ ասաց, թե մենք այդ արբանյակի կարիքը չունենք (https://sptnkne.ws/FgfE):
Ռազմական նշանակության այդպիսի մեկ արբանյակ վարձակալելու համար Հայաստանը ծախսելու էր մոտ 30 մլն դոլար։ Կարծում եմ, մեր զոհված զինվորները 30 մլն դոլարից թանկ արժեն։
Մեկ ամիս անց՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում Ադրբեջանը հաջողության հասավ հենց ԱԹՍ-ների շնորհիվ, իսկ պատերազմից հետո Իլհամ Ալիևն ասաց, թե ինչպես են իրենք մեծ առավելություն ստացել արբանյակների շնորհիվ (https://hetq.am/hy/article/126714):
Էլ ի՞նչ փաստեր են պետք՝ հասկանալու համար, որ Հակոբ Արշակյանը գուցե լավ մարդ է, բայց վատ պաշտոնյա է եղել և աղետալի կերպով վնասեց մեր պետության անվտանգային համակարգերին, մեր տված զոհերի ու կորուստների մեղավորության ու պատասխանատվության առյուծի բաժինը Նիկոլ Փաշինյանի հետ կիսում է հենց Հակոբ Արշակյանը»։
Հակոբ Արշակյանը 2018-ից հետո ՀՀ իշխանության այն քիչ պաշտոնյաներից է, ում նկատմամբ ամենասկզբում ունեցել եմ մեծ հարգանք՝…
Posted by Nairi Hokhikyan on Wednesday, March 31, 2021