Ես զգում եմ՝ ինչպես են թոքերս ամբողջությամբ ախտահարված, թե ինչքան ծանր եմ շնչում, բայց հիվանդանոցից ինձ խորհուրդ են տալիս ջերմիջեցնող դեղ խմել և սպասել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի բնակիչ Գևորգ Մկրտչյանը:
«Երբ զանգահարեցի հիվանդանոց խորհուրդ տվեցին՝ մի քանի ջերմիջեցնող խմեմ, և վիճակը կկարգավորվի, բայց գնալով ես զգում էի՝ թոքերս ախտահարվում են և շատ դժվարությամբ եմ շնչում»,- ասաց նա:
Քաղաքացին պնդում է, թե հիվանդանոցից սպասում են, որ իր թոքերն ամբողջությամբ ախտահարվեն և COVID 19-ի վարկածով գրանցեն մահվան դեպք: Նա նաև ընդգծեց՝ ժամանակին կատարել է հայրենիքի նկատմամբ իր պարտքը, բայց հիմա պետությունը նրա կողքին չէ:
«Ես վստահ եմ՝ սպասում են, թե երբ 99 տոկոսով թոքերս կախտահարվեն, ինձ մի քանի ժամով կտեղափոխեն հիվանդանոց ու մահանալուց հետո կասեն՝ բժիշկները արել են ամեն բան, որպեսզի փրկեն ինձ: Քսան տարի առաջ, երբ ես գնացի ծառայության և չէի փախնում, կատարում էի իմ քաղաքացիական պարտքը, և այս տարիների ընթացքում պետությանը ինչ անհրաժեշտ էր՝ վերցրել է ինձ, բայց երբ եկել է պահը, որ ինձ է օգնություն անհրաժեշտ, արձագանք չկա»,- նշեց նա:
Գևորգ Մկրտչյանը նաև նշեց՝ պետությունն ամեն ռեսուրս ներդնում է մարդկանց տուգանելու համար, բայց մահամերձ քաղաքացուն չի օգնում և տարրական առաջին օգնություն չի տրամադրում: Նա նաև տեղեկացրեց՝ բուժզննումն իրականացվել է նախկին սերնդի սարքերով:
«Ես զանգում եմ Նորքի ինֆեկցիոն և ինձ ասում են՝ տեղ չկա, չենք կարող ձեզ ոչնչով օգնել, բայց արյան գնով մարդկանց տուգանում են, այդքան ռեսուրս է վատնել պետությունը մարդկանց տուգանելու համար, բայց այս նույն պետությունն իր քաղաքացուն չի աջակցում և տարրական օգնություն չի տրամադրում: Հին ռենտգենով են ստուգել թոքերս և ասել՝ երկկողմանի թոքաբորբ է»,- նշեց քաղաքացին:
Գևորգը նաև հայտնեց՝ բացի թոքաբորբից նրա մոտ առկա է նաև թթվածնային քաղց: «Սահմանադրությունն ասում է՝ մարդը բարձրագույն արժեք է, գեղեցիկ խոսքեր են գրում, որոնք այսօրվա իշխանությունը ոչ մի կերպ չի իրագործում, օրգանիզմս պայքարում է, իսկ սարքերը ցույց են տալիս՝ ինձ մոտ թթվածնային քաղց կա»,- ասաց քաղաքացի Գևորգը: