Համապատասխան տվյալները կարելի է գտնել Strategy Analytics-ի զեկույցում:
Հարավկորեական հսկա Samsung-ը փետրվարին վերականգնեց իր առաջատար դիրքը սմարթֆոնների վաճառքում: Ըստ Strategy Analytics-ի զեկույցի՝ ընկերությունը գերազանցեց Apple-ին, որը iPhone 12 սերիայի վաճառքով կարողացավ 2020 թվականի չորրորդ եռամսյակում գրավել առաջին տեղը:
Զեկույցը ցույց է տալիս, որ 2021 թվականի փետրվարին Samsung-ն առաքել է 24 միլիոն սմարթֆոն, որը ներկայացնում է շուկայի մասնաբաժնի 23,1%-ը: Apple-ին հաջողվեց վաճառել 23 միլիոն սարք. դա շուկայի մասնաբաժնի 22,2%-ն է:
Xiaomi-ն անցած ամիս վաճառքների ծավալով երրորդ խոշոր սմարթֆոն արտադրողն էր, շուկայի մասնաբաժինը՝ 11,5%: Դրան հաջորդեցին Vivo-ն և OPPO-ն` համապատասխանաբար՝ 10,6% և 8,5%:
Հունվարին Samsung-ը համաշխարհային շուկայի 15,6% մասնաբաժին ուներ, իսկ Apple-ը՝ 25,4%: Մեկ տարվա տվյալները համեմատելիս Samsung սմարթֆոնների առաքումները 26%-ով գերազանցում էին նախորդ տարվա ցուցանիշը և 12%-ով ավելին էին, քան 2019 թվականի փետրվարին:
Հարավային Կորեայի հսկան այս տարվա հունվարին Galaxy S21 շարքի տեսքով ներկայացրեց իր Galaxy S շարքի առաջատար սմարթֆոնները՝ շեղվելով իր սովորական ժամանակացույցից (փետրվարի կեսեր): Սա օգնեց ընկերությանն ավելացնել իր մասնաբաժինը շուկայում: Հնարավոր է նաև, որ արդյունքի վրա ազդել է Huawei-ի մասնաբաժնի կրճատումը, որը դժվարություններ է ունեցել ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան