Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը և Ավետման տոնին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կանայք նախաձեռնել էին ակցիա, որին միացել էին մեր մի շարք այլ հայրենակիցներ:
Արդյունքում Հանրապետության հրապարակում կանանց նկատմամբ, որոնց շարքերում էին նաև Արցախյան երրորդ պատերազմում մեր նահատակված հերոսների հարազատներ, ոստիկանության կողմից կիրառվեց բիրտ և առերևույթ անհամաչափ ուժ, ինչի տեսարաններն իրապես զարհուրելի և բարոյազուրկ էին։
Հերթական անգամ ահազանգում ենք՝ «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։
Այսինքն՝ որպեսզի ոստիկանությունը կարողանա կիրառել ֆիզիկական ուժ, անհրաժեշտ է հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայություն՝
- իրավախախտում հանդիսացող գործողությունների կատարում,
- նախազգուշացում այդ գործողությունները կատարող ֆիզիկական անձանց՝ դրանք կանխելու նպատակով ֆիզիկական ուժ գործադրելու մասին,
- ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց ժամանակի տրամադրում ոստիկանության օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ոստիկանությունը հերթական անգամ առերևույթ անհամաչափ ուժ կիրառելուց առաջ որևէ կերպ չզգուշացրեց դրա մասին և հավաքի մասնակիցներին չտրամադրեց բավարար ժամանակ ոստիկանության «օրինական պահանջները» կատարելու համար:
Պարզ չէր, թե ինչ վտանգավոր իրավախախտում էին գործել հայ կանայք, ովքեր Մայրության և գեղեցկության օրը որոշել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել իշխող ուժի հակապետական գործունեության դեմ։
Ակնհայտ է, որ ոստիկանության նման ապօրինի գործողություններն ինքնանպատակ չեն, այլ հրահանգավորված են՝ միտում ունենալով բիրտ ուժի սպառնալիքով և կիրառմամբ կանխել քաղաքացիների մասնակցությունը հետագա բողոքի ակցիաներին։
Ցավալիորեն, արձանագրում ենք.
- ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում բավարար երաշխիքներ նշված իրավիճակներում ոստիկանության կողմից բռնության ենթարկված և/կամ բերման ենթարկված անձանց իրավունքների ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ պաշտպանության համար, ինչը գործող իշխանություններին հնարավորություն է տալիս ապօրինի ֆիզիկական ուժ կիրառել իր հակապետական գործունեության դեմ բողոքող անձանց նկատմամբ։
- Մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը թե՛ իրավապահ մարմինների, թե՛ իշխող ուժի կողմից կրում են պարբերական բնույթ:
- Իրավապահ մարմինները դարձել են քաղաքական ուժի սպասավոր՝ ի հեճուկս Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց առաքելության:
- Կանանց իրավունքների պաշտպանության նախկին ակտիվիստ ջատագովներ, հասարակական գործիչներ, ներկայումս արդեն՝ պաշտոնատար անձինք կամ իշխող ուժի արբանյակներ, լուռ են, ինչպես ձուկը ջրում, ո՛չ լսում են, ո՛չ տեսնում, ո՛չ էլ խոսում:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, գործադիր տնօրեն
Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը և Ավետման տոնին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կանայք…
Posted by International Center on Development of Parliamentarism on Wednesday, April 7, 2021