Յակով և Վիլհելմ Գրիմմները հանրահայտ հեքիաթասացներ են, լեզվաբաններ ու ժողովրդական մշակույթի հետազոտողներ։ Նրանց անվան հետ է կապվում գերմանական կախարդական պատմությունների՝ 1812թ. լույս տեսած լիակատար ժողովածուն։ Գրիմմ եղբայրները ոչ միայն իրենց երկրի մշակույթի համար են շատ բան արել, այլև դրել են ժողովրդական բանահյուսության ուսումնասիրության հիմքերն ընդհանրապես։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փաստ այս զարմանալի մարդկանց կյանքից։
- Գրեթե միշտ, «Գրիմմ եղբայրներ» բառակապակցությունը լսելիս՝ ենթադրվում են միայն Յակովն ու Վիլհելմը, սակայն իրականում ընտանիքում 9 երեխա կար, որոնցից 8-ը տղաներ էին։ Ինչ-որ մեկը մահացավ դեռևս մանկության տարիներին, իսկ եղբայրներից, օրինակ, Լյուդվիգ Էմիլ Գրիմմը հաջողության հասավ բոլորովին այլ ոլորտում. նա հայտնի փորագրիչ դարձավ։
- Հանրահայտ բանահյուսագետների հայրը շատ վաղ էր մահացել, երբ Յակովն ընդամենը 11 տարեկան էր, սակայն հենց նրան էր՝ որպես երեխաներից ամենաավագի, վիճակված կրել ընտանիքը կերակրելու բեռը։ Սակայն Յակովը միշտ հավատարիմ էր իր կոչմանը և արդեն մեծ լինելով՝ հաճախ էր մերժում աշխատանքի ավելի շահավետ, բայց ոչ այնքան հետաքրքիր առաջարկները։
- Չնայած իրենց քաղաքական հայացքներին (Յակով ու Վիլհելմ Գրիմմները մոնարխիստ էին)՝ եղբայրները հարեցին պրոֆեսորների այն խմբին, որը հանդես էր գալիս Հաննովեր թագավորության (Գյոթթինգենյան յոթնյակ) Սահմանադրության չեղարկման դեմ։ Յոթնյակի բոլոր մասնակիցները հեռացվեցին Գյոթթինգենյան համալսարանից, որոնցից երեքը, այդ թվում և՝ Յակովը, պետք է լքեին երկիրը։ Աքսորը ցմահ էր։ Հետագայում Հաննովերից մեկնեցին նաև մնացած պրոֆեսորները։
- Յակովն ու Վիլհելմն առաջինները չէին, ովքեր դիմել են գերմանական հեքիաթի ժանրին։ Գրիմմ եղբայրների նորարարությունն այն էր, որ նրանք հեքիաթները հրատարակում էին հենց ժողովրդական, չուղղված տեսքով, ընդ որում՝ ստեղծագործ միտք ունեցող Վիլհելմը կողմ էր տեքստերի գեղարվեստական ադապտացիային, սակայն ավագ եղբորը հաջողվեց տարհամոզել նրան։
- «Այդ բաների վերամշակումն ու մշակումը միշտ ինձ համար տհաճ կլինեն այն պատճառով, որ դրանք կատարվում են սխալ ընկալված անհրաժեշտության հետաքրքրության շրջանակներում»,- գրել է Յակովը։
- Տաղանդավոր լեզվաբաններ Յակովն ու Վիլհելմը գերմանագիտության՝ գերմաներեն լեզուն ուսումնասիրող բանասիրության ոլորտի հիմնադիրներից էին։ Յակովը ձևակերպել է «Գրիմմի օրենք» անվանումը կրող առաջին՝ գերմանական բաղաձայնների տեղաշարժի մասին օրենքը։
- Եղբայրների ևս մեկ հայտնագործությունը դարձավ պոեզիայի բաժանումը բնականի ու արհեստականի։ Նրանց կարծիքով՝ բնական պոեզիան ստեղծվել է ժողովրդի կողմից, իսկ արհեստականը՝ մարդու։ Ընդ որում, վերջինը առաջինից միշտ մի աստիճան ներքև է գտնվում։ Համակված լինելով եղբոր գաղափարներով՝ Վիլհելմը հետագայում պնդում էր, որ ժողովրդական պոեզիան մերկ է և իր մեջ կրում է Աստծո պատկերը։
- Իրենց կյանքի վերջում եղբայրները զբաղվում էին գերմաներեն լեզվի առաջին բառարանի ստեղծմամբ։ Բանասերները հաճախ են իրենց մահվան ժամանակը հարաբերակցում տառերի հետ աշխատանքին։ Վիլհելմը մահացավ 1859թ. դելտեմբերին՝ հազիվ ավարտելով D տառը, իսկ Յակովը, եղբորից հետո ապրելով 4 տարի, մահացավ տառացիորեն աշխատանքային սեղանի շուրջ՝ աշխատելով Frucht (միրգ) բառի վրա։
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը