Արման Թաթոյանի դիտարկմամբ` իրենք անմիջապես նկատել են լուսանկարները և այժմ պատրաստում են պաշտոնական հայտարարություն այդ առթիվ։ Այն մի քանի լեզուներով կուղարկվի միջազգային կազմակերպություններին։ Ըստ նրա` սա ակնհայտորեն էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության ակնհայտ վկայությունն է։
«Այն ձևով, ինչպես պատկերված են այդ մանեկենները, Հայաստանի և Արցախի զինվորներ, որոնք նվաստացած վիճակում են, ստորացված, արժանապատվությունը ոտնահարված, ակնհայտ իրավունքների ոտնահարումների մասին է վկայում։ Սա նաև ոչ միայն առհասարակ հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու իրավունքների կոպիտ խախտումների մասին է փաստում, այլև ոտնձգություն է մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների, մեր եղբայրների նկատմամբ, քանի որ նրանք նույնպես ծառայում են մեր բանակում։ Սա նաև անարգանք է, և կրկնակի հոգեկան տառապանք է պատճառում մեր այն հայրենակիցներին, ում զավակներն անհայտ կորած են կամ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում»,- նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Թաթոյանի կարծիքով` դա խորքային առումով ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքն էթնիկ պատկանելության, նաև կրոնական հատկանիշով հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Ըստ նրա` թշնամանքի քարոզն ու քաղաքականությունն Ադրբեջանում ոչ միայն չի դադարել, այլև անընդհատ խրախուսվում է` ստանալով նորանոր դրսևորումներ, և Ալիևն ինքն է հայտարարել, որ Ադրբեջանում մեծացել է թշնամու նկատմամբ ատելությամբ լցված սերունդ։
«Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ, և այս քայլը հենց դրա մասին է վկայում։ Այսպես կոչված խաղաղասիրական ծրագրերն արտերկրի համար օգտագործվում են որպես շղարշ, բայց իրականում ադրբեջանցիներն ատելություն են քարոզում` գեներացնելով նոր թշնամանք։ Մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք իրականությունը, որպեսզի որևէ մեկը չփորձի պատասխանատվությունը դնել մեզ վրա, որովհետև մեր հաշվին միակողմանի խաղաղություն չի կարող լինել»,- նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Թաթոյանի համոզմամբ`մենք պետք է դիրքավորվենք այն ընկալմամբ, որ մեր հարևանությամբ ունենք մի երկիր, որի իշխանությունները հայ ժողովրդին, Հայաստանի բնակիչներին համարում են ոխերիմ թշնամի և այդ զգացումով դաստիարակում են սերունդներ։
Տեղեկացնենք, որ Բաքվում հայտնվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ։ Այն տեղեկայվել է հինգ հեկտար տարածքում։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան երկու հազար ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։