ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան
Advertisement 1000 x 90

ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումներից.

2020 թվականի սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ:

Իմ կարծիքով, քննիչի նման արարքի շարժառիթը եղել է զուտ իր ղեկավարին՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանին, հաճոյանալը: Քննիչի հանցավոր արարքի մասին Ա.Ազարյանի կողմից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որը քննարկման համար ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ քննիչը բացատրություն է վերցրել դատավորից, դատական նիստերի քարտուղարից, սակայն բացատրություն չի վերցրել ՀՔԾ քննիչից: Վերջինիս ԱԱԾ քննիչն ընդամենը գրություն է ուղարկել և ստացել պատասխան: Ի վերջո քրեական գործի հարուցելը մերժվել է՝ ՀՔԾ քննիչի արարքում իբր հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը բողոքարկվել է իմ կողմից, բողոքս բավարարվել է և այսօր ստացա ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի կողմից 23.09.2020թ. դատական նիստը նախագահող դատավորին վիրավորելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով (որպես պատիժ նախատեսում է տուգանք մինչև 500 հազար դրամ կամ կալանք մինչև 3 ամիս ժամկետով) հարուցվել է քրեական գործ:

Հուսամ, որ վարույթ իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ-ն, այս անգամ կունենա անհրաժեշտ արիություն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչին գոնե հարցաքննության հրավիրելու համար:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219584318541712&id=1327886913

 



Նման նյութեր