«Որոշ մարդիկ փորձում են հանքարդյունաբերության ծրագիրը գեղեցիկ փաթեթավորել մտացածին «հանքային տուրիզմ» ծիծաղելի անվան տակ և հրամցնել ձեզ». «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա»
Advertisement 1000 x 90

«Որոշ մարդիկ փորձում են հանքարդյունաբերության ծրագիրը գեղեցիկ փաթեթավորել մտացածին «հանքային տուրիզմ» ծիծաղելի անվան տակ և հրամցնել ձեզ». «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա»

Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, ՀՀ քաղաքացիներ,

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան մտահոգված է Չեխական «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբեդ և Եղեգնուտ համայնքներին պատկանող տարածքներում հանքարդյունաբերություն սկսելու ծրագրերով։

Որպես ՀՀ զբոսաշրջության ոլորտում գործող , ՀՀ զբոսաշրջության զարգացմամբ և բնապահպանությամբ մտահոգված մասնագիտական խոշոր կառույց` մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում տեղի ունեցող գործընթացներին, միաժամանակ հայտնում ենք մեր աջակցությունը բնապահպան ակտիվիստներին, մարզի բնակիչներին և բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գիտակցում են հանքարդյունաբերության պատճառած վնասների չափն ու կարևորում մեզ և մեր սերունդների համար առողջ կենսական միջավայրի պահպանումը։

Մենք քաջ գիտակցում ենք, թե այս պահին ինչպիսի խնդիրներ են ծառացած մեր պետության ու տնտեսության առաջ, մենք նաև հասկանում ենք, որ հարկավոր է գտնել լուծումներ՝ տնտեսական խնդիրները հաղթահարելու համար, սակայն հանքարդյունաբերությունը լավագույն լուծումը չէ։ Մենք ակնկալում ենք համապատասխան գերատեսչություններից առավել խելամիտ, երկարաժամկետ լուծումներ, որոնք հետագայում գլխացավանք և էկոլոգիական աղետ չեն դառնալու մեզ և գալիք սերունդների համար։

Մենք ընտրում ենք կայուն և պատասխանատու զարգացման ճանապարհն ու կոչ ենք անում բոլորին՝ հետամուտ լինել այս և նմանատիպ հարցերի՝ ի օգուտ բնությանն ու մարդկանց լուծմանը։

Ինչպես նաև կոչ ենք անում ՀՀ Լոռու մարզի բնակչությանը, չտրվել սադրանքների։ Որոշ մարդիկ փորձում են հանքարդյունաբերության ծրագիրը գեղեցիկ փաթեթավորել մտացածին «հանքային տուրիզմ» ծիծաղելի անվան տակ և հրամցնել ձեզ։

Լոռին առաջին հերթին այստեղ եկող զբոսաշրջիկին հետաքրքրում է իր գեղեցիկ բնությամբ ու բնապատկերներով, հուշարձաններով, առողջ, հյուրասեր ու կենսուրախ մարդկանցով։ Մտածե՛ք դրա մասին, և թույլ մի՛ տվեք, որ ևս մեկ հանք գա՝ թունավորելու մեր կենսական միջավայրը, բնությունը, մեր չքնաղ Լոռին։

#առանց_հանք_Լոռի

ՊԶՀԱ վարչություն, 21 ապրիլի, 2021թ․

 



Նման նյութեր